ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետական պարտքի վրա հնարավոր ռիսկերի բոլոր սցենարները դիտարկել ենք. նախարար

Պետական պարտքի վրա հնարավոր ռիսկերի բոլոր սցենարները դիտարկել ենք. նախարար

 Պետական պարտքի վրա հնարավոր ռիսկերի բոլոր սցենարները դիտարկվել են։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին նախագիծը։
 
«Պետական պարտքի վրա հնարավոր ռիսկերի բոլոր սցենարները դիտարկել ենք, այդ թվում` փոխարժեքի տատանումները, տնտեսական աճի թիրախներին չհասնելը, արտաքին տնտեսական հավելյալ շոկերը, օրինակ` ներդրումների պլանավորված մակարդակով ծավալ չունենալը։ 2024 թ. համար այն սցենարը, որը մենք հիմք ենք վերցրել, հնարավորություն կտա պետական պարտքը սահմանել 48.4 տոկոսի մակարդակում»,– ասաց նախարարը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն դիտարկմանը, որը պետական պարտքի մակարդակը ՀՆԱ–ից ավելի մեծ է լինելու 2024 թ.։
 
Պատգամավորը նշեց, որ 2024 թ. պարտքի աճը կկազմի 10 տոկոս, բյուջեում ներառված փոխարժեքը 440 դրամ է, և հարցրեց` եթե փոխարժեքն ավելի մեծանա, արդյոք մենք ունե՞նք բավարար պահուստներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ռիսկերը մեղմել»
Ըստ նախարարի` չի բացառվում, որ իրենց նախանշած հնարավոր բոլոր վատ սցենարների նյութականացման դեպքում 2026 թ. պարտքի մակարդակն անցնի ՀՆԱ–ի նկատմամբ 60 տոկոսի շեմը։
 
«Սա, իհարկե, կատաստրոֆա չէ։ Այսինքն` մենք տեսնում ենք, որ հիմա ունենք պարտքի այնպիսի մակարդակ, որ բոլոր ռիսկերի նյութականացման դեպքում, եթե անցնի 60 տոկոսը, այսինքն` 61, 62 տոկոսի մակարդակներ հասնի, կառավարելի կլինի։ Արտարժութային ՀՀ պարտքի տոկոսը տարեցտարի նվազեցնում ենք ու նախատեսում, որ տարեկան նվազումը պետք է տեղի ունենա մեկ տոկոսի չափով։ Զուգահեռ դանդաղ, կայուն ձևով ավելացնում ենք դրամային պարտքի մասնաբաժինն ընդհանուր պարտքի մեջ»,– ընդգծեց նախարարը։
Հովհաննիսյանի խոսքով` դա մի կողմից կզսպի նաև ՀՀ կառավարության հավելյալ ծախսերը պարտքի սպասարկման համար, ինչպես նաև հնարավորությունը կտա երկարաժամկետ հատվածում ծրագրավորել արտարժութային ռիսկերը։
 

  • Կիսվել: