հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տարեվերջին ցածր փոխարժեքի դեպքում նախարարը հավանական է համարում ՀՆԱ-ի նկատմամբ 59 տոկոսը չգերազանցող պարտքի ցուցանիշը

Տարեվերջին ցածր փոխարժեքի դեպքում նախարարը հավանական է համարում ՀՆԱ-ի նկատմամբ 59 տոկոսը չգերազանցող պարտքի ցուցանիշը

Եթե 2022-ի վերջին փոխարժեքը լինի տարեսկզբի համեմատությամբ ավելի ցածր, ապա ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հավանական է համարում, որ նախատեսած 60.2 տոկոսի փոխարեն պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կլինի 59 տոկոսը չգերազանցող սահմանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանն այս մասին ասաց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում՝ պատասխանելով ՔՊ-ից Բաբկեն Թունյանի հարցին:

Բաբկեն Թունյանը նշեց, որ դրամը արժևորվում է, հետարքրքվեց՝ կա՞ն գնահատականներ, թե վերջին 1-2 ամիսների ընթացքում փոխարժեքի նվազումն ինչպե՞ս կազդի արտաքին պարտքի ցուցանիշի վրա՝ թե բացարձակ թվով, թե պարտք-ՀՆԱ հարաբերակցության վրա:

Նախարարը նշեց, որ այդ շեղումը երկու ձևով է ազդելու:

«Եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա մեր ընդհանուր պարտքի և այդ թվում կառավարության պարտքի կառուցվածքում, քանի որ ունենք մոտ 70 տոկոս արտարժույթով գնանշված կամ արտաքին պարտք, այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ, և այդ փաստը կնպաստի, որ տարեվերջին մեր կանխատեսածից ավելի ցածր պարտքի համեմատական մեծություն կունենանք ՀՆԱ-ի նկատմամբ:  Մենք նախատեսում էինք այս տարեվերջին ունենալ մոտ 60.2 տոկոս, բայց, եթե այդ շեղումը բավականաչափ մեծ լինի մեր նախատեսած սկզբնական փոխարժեքային ենթադրություններից, ապա հավանական է, որ մենք կունենանք 59 տոկոսը չգերազանցող սահմանում պարտքի ընդհանուր մեծություն»,- ասաց նախարարը:

Երկրորդ ուղղությունը, որով դա կազդի, ըստ նախարարի, տոկոսավճարների վճարումն է: «2021-ին 72.5 մլրդ դրամ վճարել ենք արտաքին պարտքի նկատմամբ ունեցած մեր տոկոսավճարային պարտավորությունները: Համապատասխանաբար, եթե միջին փոխարժեքի օրինակ 5 տոկոսի շեղում լինի, դա կնշանակի մոտ 3.5 մլրդ դրամի չափով խնայողություն»,-ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: