երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Հայաստանում դե ֆակտո ավտորիտար ռեժիմ է ձևավորվել․ Լիլիթ Գալստյան

Հայաստանում դե ֆակտո ավտորիտար ռեժիմ է ձևավորվել․ Լիլիթ Գալստյան

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել գործող իշխանությունների բռնաճնշումների մեխանիզմի զոհ դարձած Արսեն Գևորգյանի հիշատակը։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական սկզբունքներից նահանջը, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունն ու իրավական երաշխիքները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա, մասնավորապես, հանդես եկավ զեկույցով։ Ներկաներն աջակցեցին նրա առաջարկին։

«Թղթի վրա Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները պաշտպանված և երաշխավորված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային կոնվենցիաներով»,– նշեց զեկուցողը։

Սակայն, նրա գնահատմամբ, ժողովրդավարության մակարդակը որոշվում է պետական իշխանության մարմինների անկախությամբ և օրենքին նրանց ենթակայությամբ։

«Այս չափանիշների գնահատումն ու մեր մղձավանջային իրականությունը թույլ են տալիս արձանագրել, որ դե ֆակտո գործ ունենք ավտորիտար ռեժիմի հետ, որն իշխանությունը կենտրոնացրել է մեկ անձի և մեկ քաղաքական ուժի ձեռքում»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ իշխանության ճյուղերի միջև հավասարության և փոխադարձ վերահսկողության սահմանները պարզապես ջնջված են, ինչպես ջնջված կամ հատված են բոլոր «կարմիր գծերը»։

Հիմնավորելով Ազգային ժողովում ժողովրդավարության խնդիրները քննարկելու անհրաժեշտությունը՝ Գալստյանը նշեց, որ հենց այս ամբիոնից են հնչել ընդդիմադիրներին «ԿԳԲ-ի պադվալներն» ուղարկելու, պարանով կախելու կոչեր, ինչպես նաև տասնյակ այլ հրահանգներ ու մտադրություններ։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ժողովրդավարության ոլորտում Հայաստանի հետընթացն արձանագրել են մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք նաև արձանագրել են կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի բացակայությունը։

Լիլիթ Գալստյանը թվարկեց մարդու իրավունքների, մասնավորապես՝ լրագրողների և քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների իրավունքների խախտման դեպքերը՝ նշելով, որ այդ խախտումների հետևում հիմնականում կանգնած են իշխանության ներկայացուցիչները։

  • Կիսվել: