կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՊԵԿ-ում շարունակվում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի երկրորդ փուլը. ստացվել է շուրջ 1300 դիմում-հայտ

ՊԵԿ-ում շարունակվում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի երկրորդ փուլը. ստացվել է շուրջ 1300 դիմում-հայտ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են նոր չափանիշերով մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները: Կոմիտեում դասընթացի 2-րդ փուլը մեկնարկել է այս տարվա ապրիլից և ստացվել է շուրջ 1300 դիմում-հայտ։

Դիմորդների համար կազմակերպվել են օտար լեզվի, համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգման փուլերը։ Շուրջ 800 ընտրված մասնակիցների համար կազմակերպվել է դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը, որն անցկացնող հանձնաժողովը գլխավորում էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Օգոստոսից ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է դասընթացի տեսական փուլը, որին մասնակցում են հարցազրույցի փուլը հաղթահարած 570 դիմորդներ, նրանցից 450-ը ՊԵԿ աշխատակիցներ են։

Դասընթացում նախատեսված են ընթացիկ և ամփոփիչ քննություններ։ Մասնագիտական գիտելիքները գնահատելուց բացի, կարևորվում է նաև դասընթացին մասնակցության կարգապահությունը:

Դասընթացի տեսական փուլին կհաջորդի գործնական փուլը, որը կանցկացվի մաքսային մարմնի վերադաս և տարածքային ստորաբաժանումներում՝ տեղում աշխատանքային գործընթացներն ուսումնասիրելու և գործառույթներին ծանոթանալու նպատակով:

Յուրաքանչյուր փուլի ավարտին մասնակիցներն ստանալու են վարկանիշային միավորներ, ովքեր ամփոփման արդյունքներով կընդգրկվեն վարկանիշային ցուցակում՝ 3 տարի ժամկետով։ Վարկանիշային ցուցակը համալրած մասնակիցները կստանան ՊԵԿ մաքսային ծառայությունում աշխատելու առաջարկ։

Պետական եկամուտների կոմիտեում մաքսային, ինչպես նաև հարկային ծառայողների պատրաստման գործընթացը՝ նոր ընթացակարգով, կրելու է շարունակական բնույթ:

 

  • Կիսվել: