երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմիններ կայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի հունիս ամսվա ցուցանիշները:

Մասնավորապես, 2021 թվականի հունիսի տվյալներով՝ եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021 թվականի մայիսի համեմատ՝ ավելի է շուրջ 8 հազարով, 2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ՝ 34 հազարով, 2019 թվականի հունիս ամսվա համեմատությամբ՝ 37.5 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ՝ 80 հազարով:

Միաժամանակ, 2021 թ․հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 139 մլրդ.դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի հունիս ամսվա նույն ցուցանիշին՝ 15 %-ով, 2019 թվականի հունիս ամսվա ցուցանիշին՝ 23 %-ով, իսկ 2018 թվականի հունիս ամսվա ցուցանիշին՝ 40 %-ով:

2021 թվականի հունիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020 թվականի հունիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019 թվականին՝ 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին՝ 177 հազար դրամ:

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է այդ ցուցանիշը՝ կազմելով շուրջ 635 հազար: Արդեն իսկ կարող ենք նշել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021թ. հունիս ամսին (643 հազար)՝ գերազանցելով նաև 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշը:

 

Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:

  • Կիսվել: