հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պետական բյուջեի ծախսերը գալիք տարում 10,3 տոկոսով ավելի կլինեն. ֆինանսների նախարար

Պետական բյուջեի ծախսերը գալիք տարում 10,3 տոկոսով ավելի կլինեն. ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱԺ նիստի ընթացքում ներկայացնելով «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, ընդգծել է, որ այն ձևավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռ հաղթահարված չեն համավարակի և պատերազմի հետևանքները: Նման բարդ իրավիճակում, սակայն, գործադրին հաջողվել է կառավարել այն հիմնական ռիսկերը, որոնք կարող էին խոչընդոտել տնտեսության հետագա զարգացմանը:

Թեև 2020 թվականին արձանագրվել է 7,4 տոկոս տնտեսական անկում և մոտ 80 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում, այնուամենայնիվ, Կառավարությանը հաջողվել է կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները՝ գնալով դեֆիցիտի ավելի մեծ չափով ֆինանսավորման, քան նախատեսված էր:

Արդյունքում՝ 2020 թվականին Կառավարությանը հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, իսկ առաջին կիսամյակում արձանագրել նաև տնտեսության մոտ 5 տոկոս վերականգնման բարձր տեմպ:

Նախարարը հույս է հայտնել, որ տնտեսության վերականգնումը կշարունակվի նաև ընթացիկ տարվա վերջին ամիսներին, ինչն էլ հուսալի հիմք կդառնա 2022 թվականին նախատեսվող տնտեսական աճի համար:

Ակնկալվում է, որ 2022 թվականին տնտեսական աճին կնպաստեն ծառայությունները, շինարարությունն ու արդյունաբերությունը:

Պետական բյուջեի ծախսերը գալիք տարում կկազմեն 2 տրիլիոն 190 մլրդ դրամ, ինչը 2021 թվականին սպասվող ծախսերից ավելի է 204 մլրդ դրամով կամ 10,3 տոկոսով: Կապիտալ ծախսերի համար կհատկացվի 357 մլրդ դրամ, ինչը կազմում է համախառն ներքին արդյունքի 4,5 տոկոսը և ընթացիկ տարվա հատկացումից ավելի է 60 տոկոսով:

Եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի հատկացումների նկատմամբ ավելի է 289 մլրդ դրամով կամ 17,5 տոկոսով: Եկամուտների գերակշիռը մասը կկազմեն հարկային եկամուտները:

Բյուջեի դեֆիցիտը կկազմի 243 մլրդ դրամ:

  • Կիսվել: