շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետական աջակցություն՝ սոցիալական խմբերի ներկայացուցիչներին աշխատանքի ընդունելու դիմաց. ծրագրի մեկնարկը տրված է

Պետական աջակցություն՝ սոցիալական խմբերի ներկայացուցիչներին աշխատանքի ընդունելու դիմաց. ծրագրի մեկնարկը տրված է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկել է մի ծրագիր, որի շրջանակում աջակցություն կստանան այն գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ նպատակ ունեն աշխատանք գտնելու հարցում աջակցություն ցուցաբերել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց:

«Շատ հաճախ աշխատաշուկայում աշխատանք չգտնելը պայմանավորված է լինում բավարար վերաորակավորում չունենալու հանգամանքով: Այստեղ շատ կարևորվում է վերապատրաստման ծրագրերում սոցիալական խմբերի ներգրավվածությունը: Գործատուներին աջակցություն տրամադրելու այս ծրագիրը նման բաղադրիչ չունի, սակայն մեր կողմից իրականացվում են մի շարք տարբեր ծրագրեր, որոնք իրագործվում են գործազուրկներին վերապատրաստելու, վերաորակավորելու նպատակով: Ահա այդ ծրագրերին էլ կարող են դիմել»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Սահմանված են պահանջներ ինչպես գործատուների, այնպես էլ գործազուրկների համար: Ծրագրից կարող են օգտվել  այն ընկերությունները, կազմակերպությունները, որոնք պետական չեն, վերջին 3 ամիսներին պետք է ունենան առնվազն 10 աշխատող: Ծրագրից կարող են օգտվել այն գործազուրկները, որոնք կամ նպաստառու են կամ ունեն հաշմանդամություն, դրա հետ մեկտեղ վերջին 3 ամիսների ընթացքում գրանցված աշխատող չեն եղել, ինչպես նաև տվյալ գործատուի մոտ վերջին 6 ամսվա ընթացքում  չեն աշխատել:  Եվ եթե կողմերը բավարարեն այդ պահանջները, ապա գործատուները կունենան  հարկերի մասնակի հետ վերադարձ:

 

Կախված սոցիալական խմբից, շահառուի տարիքից, տարանջատվել է նաև գործատուների համար նախատեսված աջակցության չափը:

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք. առնվազն մեկ տարի աշխատանքի ընդունելու պարագայում գործատուները 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամ։

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 16-ից 29 տարեկան գործազուրկ անձինք. աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուներին 3 ամիս շարունակ կտրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 տոկոսի, բայց ոչ ավելի, քան ամսական 15 000 դրամի չափով: 

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-ից 45 տարեկան գործազուրկ անձինք.  աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին 6 ամիս շարունակ կտրամադրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 12 000 դրամ։ Եթե նպաստառու գործազուրկը մինչև 5 տարեկան երեխա ունեցող մայր է, 6 ամսից բացի ևս 3 ամիս գործատուին կտարամդրվի հարկերի հետ վերադարձի մասով աջակցություն:

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 46-ից 62 տարեկան գործազուրկ անձինք. աշխատանքի ընդունելու դեպքում  գործատուին 9 ամիս կտրամադրվի աջակցություն՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 տոկոսի, բայց ոչ ավելի, քան ամսական 20 000 դրամի չափով:

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձինք. աշխատանքի ընդունելու դեպքում  գործատուին աջակցություն կտրամադրվի  6 ամիս ժակետով՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 21 000 դրամ։

Ծրագրի մեկնարկն արդեն տրված է, քաղաքացիներն ու գործատուները կարող են դիմել: Նախարարությունն էլ  կապող օղակ կհանդիսանա գործատուների ու գործազուրկների միջև: Այսինքն՝ գործազուրկներին նաև նախարարությունը կուղղորդի դեպի այն գործատուներ, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցել ծրագրին:

  • Կիսվել: