երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ՊԵԿ-ը նախաձեռնել է Գյումրիում բեռնաթափման լրացուցիչ ծառայությունների մատուցման հայտ-առաջարկների ընդունման գործընթաց

ՊԵԿ-ը նախաձեռնել է Գյումրիում բեռնաթափման լրացուցիչ ծառայությունների մատուցման հայտ-առաջարկների ընդունման գործընթաց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման ծավալների շարունակական աճն ու ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում գտնվող տարածքի գերծանրաբեռնված իրավիճակը, ՊԵԿ-ը նախաձեռնում է նշված հասցեում՝ շուրջ 1 հա տարածքում, բեռնաթափման լրացուցիչ ծառայություններ մատուցելու նպատակով, հետաքրքրված անձանցից հայտ-առաջարկների ընդունման գործընթաց։

Մասնավորապես, Կոմիտեն առաջարկում է ԱԱՀ հարկման համակարգում գործունեություն իրականացնող հետաքրքրված անձանց` ՊԵԿ ներկայացնել վերոնշյալ տարածքի մաքսային հսկողության գոտու պայմաններին համապատասխան կարգի բերման և կահավորման, ծառայության մատուցման պայմանների վերաբերյալ մանրամասն առաջարկներ՝ ծառայությունների մատուցման նվազագույն շահավետ ժամկետի նշումով։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ առաջարկների քննարկման ժամանակ հաշվի են առնվելու հետևյալ պայմանները․

  • տարածքի կարգաբերման ու կահավորման սեղմ ժամկետները,
  • օրական աշխատաժամանակի տևողությունը, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին ծառայությունների մատուցման պատրաստակամությունը,
  • օրական բեռնաթափման ծավալները,
  • ծառայության գինը:

Ընտրված մասնակիցը պարտավոր է.  

  • Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցները բեռնարկղերից բեռնաթափման համար ապահովել առնվազն 2 (երկու) հատ ամբարձիչ՝ յուրաքանչյուրը 3,5-5 տոննա բեռնվածքի հզորությամբ:
  • Ապահովել ամբարձիչի վարորդների, բանվորների և այլ ծառայություն մատուցողների միջև, աշխատանքային պրոցեսում հեռահար կապ հաստատելու և բեռնաթափման աշխատանքները կոորդինացնելու ու արագ ուղղորդելու համար, առնվազն 3,5 կմ շառավիղ ունեցող ներքին կապի շարժական միջոց:
  • Ապահովել աշխատանքների իրականացման գործընթացի ապահովագրության պարտադիր պահանջ:
  • Ապահովել ծառայությունների մատուցման ժամանակ մարդու  կյանքի և առողջության անվտանգության ապահովման, ինչպես նաև ծառայություն մատուցողներին տարածքում գտնվող այլ անձանցից զանազանելու և պատշաճ տեսքով ներկայանալու նպատակով՝ համազգեստ, գլխարկ, սաղավարտ, ձեռնոց, կոշիկ, աշխատանքային արտահագուստ, անվանական քարտ:

Հայտերի ուսումնասիրման արդյունքում ընտրված կազմակերպության կողմից հայտում նշված պայմաններին համապատասխան ծառայությունների չմատուցման կամ ոչ պատշաճ որակով մատուցման դեպքում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից միակողմանի դադարեցվելու է վերջինիս հետագա գործունեությունը նշված տարածքում և ընտրվելու է հայտ ներկայացրած մեկ այլ կազմակերպություն։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 26-ն է:

  • Կիսվել: