ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացու մոտ հայտնաբերվել է 1 կգ քաշով մաքսանենգ ոսկեգույն 1 ձուլակտոր, փաստի առթիվ նյութերն ուղարկվել են ՔԿ. ՊԵԿ

«Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացու մոտ հայտնաբերվել է 1 կգ քաշով մաքսանենգ ոսկեգույն 1 ձուլակտոր, փաստի առթիվ նյութերն ուղարկվել են ՔԿ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները, Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, համատեղ զննման են ենթարկել Թբիլիսիից Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դ.Չ.- ին պատկանող ձեռքի ուղեբեռը։

Վերջինս, մաքսային հսկողության կանաչ ուղին հատելուց հետո, ուղեկցվել է տեսազննող սարքի մոտ: Զննվել է տվյալ քաղաքացու մոտ գտնվող պայուսակը: Արդյունքում, ուղևորի մոտ առկա շագանակագույն կտորե ուսապարկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է   1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն մեկ ձուլակտոր, որը  դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում՝ ռուսատառ փաստաթղթի հետ միասին: Համաձայն ՌԴ քաղաքացու բանավոր հայտարարության, այն հանդիսանում է ոսկյա ձուլակտոր։ Զննության արդյունքում նույն ուսապարկում հայտնաբերվել է նաև  7 հատ ռուսերեն  և 4 հատ վրացերեն  լրացված փաստաթուղթ, որոնք էլ, ըստ Դ.Չ.-ի հայտարարության, հանդիսանում են հայտնաբերված  ձուլակտորի փաստաթղթերը։

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված ձուլակտորը վերցվել է, իսկ կազմված նյութերն ուղարկվել են  ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: