ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը:
ՀՀ ՊԵԿ նախագահը, որպես համանախագահող երկրի ներկայացուցիչ, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ Հակոբյանը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար:
Համաժողովին Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել որպես պանելային քննարկման մասնակից՝ ներկայացնելով ՏՀԶԿ Գլոբալ Ֆորումի կողմից 2025 թվականին հրապարակված «Հարկային թափանցիկությունը Ասիայում» հաշվետվությամբ արձանագրված ձեռքբերումները և հետագա ռազմավարական ուղղությունները։ Կոմիտեի ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի կողմից ՏՀԶԿ ստանդարտների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու գրանցված արդյունքներին՝ շեշտադրելով ՏՀԶԿ Միասնական հաշվետվողական ստանդարտի՝ 2025 թվականի աշնանը նախատեսվող ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների առաջին փոխանակման կարևորությունը, ինչպես նաև ստացված տեղեկությունների հիման վրա իրականացվելիք վերլուծական և ռիսկերի գնահատման աշխատանքները։
Նշենք, որ Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում ավելի հասցեական դարձնելու նպատակով: Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումը՝ 171 անդամ երկրների մասնակցությամբ, ներառյալ G20-ի բոլոր երկրները և 23 դիտորդներ, առաջատար միջազգային մարմին է, որն աշխատում է ամբողջ աշխարհում հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ: