Պայքարելու ենք ՀԷՑ-ի պետականացման դեմ՝ բոլոր իրավական ճանապարհներով, միջազգային գործընկերներին դիմելով. ՀԷՑ-ի տնօրենի ԺՊ
Մի հարցազրույցում սխալվել եմ, նշել եմ, որ ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կիսագրագետ օրենքի նախագիծ է, հիմա սխալս կուղղեմ՝ լինելով իրավաբան համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:
Ղազինյանը նշեց, որ իրենց հետ կառավարությունից կապ չեն հաստատել: Դա, ըստ նրա, նորմալ չէ:
«Նորմալ չէ, երբ որ այսպիսի գործընթաց է նախաձեռնվում և այն ընկերությունը, որին փորձում են պետականացնել, խլել, ոնց ուզում եք այդ անունը դրեք, հետը չեն կապվում: Չեն ասում՝ որևիցե ձևով, լավ թեկուզ առանց փաստաթղթայինի, զանգով, եկեք քննարկենք, հասկանանք: Իհարկե, մենք էլ ունենք թերություններ, մենք էլ ունենք խնդիրներ, անսխալական ոչ մարդ կա, ոչ կազմակերպություն կա աշխարհում: Պրոբլեմը հենց այստեղ է, ինչի՞ չեն այդ մարդիկ կամ այդ մեր իշխանությունները ցանկանում քննարկել»,- ասաց նա:
Ղազինյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ վախենում են այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան: «Այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա: Ինձ հարց տվեց լրագրողը՝ ասում է, դուք կանխատեսո՞ւմ էիք, որ հնարավոր է այսպիսի գործընթաց, ասացի՝ մենք չենք պատրաստվում խելագարության կանխավարկածով առաջնորդվել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել ստեղծված իրավիճակում, Ղազինյանն ասաց. «Հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է՝ մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Եթե անգամ ներպետական այսպես հնարավորությունները սահմանափակ է մեզ համար, բնականաբար, արդեն մենք կդիմենք միջազգային կազմակերպություններին, կպայքարենք մեր գործընկերների հետ միասին: Շատ վատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից: Պայքարելու ենք բոլոր իրավական ճանապարհներով, ունենք ուժեղ իրավաբանական թիմ, մենք ճիշտ ենք, իսկ ճիշտ լինելը մարդուն ուժեղացնում է մի քանի անգամ»: