Սահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու՝ տեղում լուծեմ հարցը. Պապոյան
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անհասկանալի է համարում հայ-վրացական սահմանին հայկական կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների արտահանման համար ստեղծված խոչընդոտներն ու խնդիրները, և այդ հարցերը հասկանալու և խնդիրներին լուծում տալու համար մտադիր է այցելել Վրաստան։
Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար նշել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Վրաստանի տարածքում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար ստեղծված խոչընդոտներին և խնդիրներին, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։
Նախարարի խոսքով՝ կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց, ցավոք սրտի, խնդիրը դեռ լուծված չէ։
«Այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Ուզում եմ նշել, որ ունենք նախնական պայմանավորվածություն, որ առաջիկա օրերին ես կայցելեմ Վրաստան՝ ևս մեկ անգամ հարցերն արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»,-նշել է Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ մայիսի 13-ին տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել։
Ակցիայի ընթացքում ալկոհոլային խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների մի քանի ներկայացուցիչներ հյուրընկալվել էին Վրաստանի դեսպանատանը, որտեղ վրացական կողմը նրանց խոստացել էր, որ Թբիլիսին այդ խնդիրների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։