հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գնաճի չեզոքացման լավագույն ճանապարհն աշխատատեղերի ստեղծումն ու աշխատավարձերի բարձրացումն է. Գևորգ Պապոյան

Գնաճի չեզոքացման լավագույն ճանապարհն աշխատատեղերի ստեղծումն ու աշխատավարձերի բարձրացումն է. Գևորգ Պապոյան

Հայաստանի կառավարության համար գնաճն ամենակարևոր մարտահրավերներից է. ԱԺ ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը գնաճի չեզոքացման լավագույն ճանապարհն է համարում աշխատատեղերի ստեղծումն ու աշխատավարձերի բարձրացումը: Պապոյանն այս մասին ասաց ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:

«Մեր այսօրվա ունեցած ամենակարևոր մարտահրավերներից մեկը գնաճի խնդիրն է: Այս պահի դրությամբ Հայաստանում գնաճը մոտ 9.5 տոկոսի շրջանակում է: Բայց, օրինակ, հարևան երկրներում գնաճի մակարդակն եմ նայում. Թուրքիայում՝ 85.5 տոկոս, Իրանում՝ 52.2 տոկոս, Ադրբեջանում՝ 13.6 տոկոս, Վրաստանում՝ 10.6 տոկոս: Հայաստանն ունի ամենացածր գնաճը»,-ասաց Պապոյանը: 

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների գնաճին՝ պատգամավորը նշեց, որ Ղազախստանն ունի 18.8 տոկոս, Ղրղզստանը՝ 15.4 տոկոս, Բելառուսը՝ 15.2 տոկոս, ՌԴ-ն՝ 12.6 տոկոս գնաճ: «Նորից տեսնում ենք, որ մեր ցուցանիշը՝ այլ երկրների հետ համեմատած, ցածր է»,-նշեց նա:

Պատգամավորը խոսեց նաև եվրոպական երկրներում նկատվող բարձր գնաճի մասին: Նա ներկայացրեց այն երկրների գնաճը, որոնք Հայաստանի գնաճը գերազանցում են 2 և ավելի անգամ, օրինակ՝ Մակեդոնիայում՝ 19.6 տոկոս, Լատվիայում՝ 21.8 տոկոս, Հունգարիայում՝ 21. 1 տոկոս, Էստոնիայում ՝ 22.5 տոկոս և այլն:
 

«Այո, մենք շատ ենք խոսում գնաճի մասին և նշում ենք, որ դա մեր թիվ մեկ մարտահրավերն է: Բայց միևնույն ժամանակ մենք հաճախ մոռանում ենք, որ գնաճը համաշխարհային ֆենոմեն է, և դա միայն Հայաստանին չի վերաբերվում, ավելին ասեմ՝ բազմաթիվ դեպքերում Հայաստանին շատ ավելի քիչ է վերաբերում, քան բոլոր մեր հարևան, կամ մեզ հետ որոշակի նմանություն ունեցող երկրներին»,-ասաց Պապոյանը:

Սակայն գնաճը պետության համար մտահոգող խնդիր  է: Այս առումով պատգամավորը գնաճի չեզոքացման լավագույն ճանապարհը համարեց աշխատատեղերի ստեղծումն ու աշխատավարձերի բարձրացումը:

2022 թվականի 9 ամսվա կտրվածքով Հայաստանում միջին աշխատավարձն ավելացել է 13.4 տոկոսով՝ հասնելով 225 հազար 500 դրամի: Ըստ պատգամավորի՝ միջին աշխատավարձի աճն ավելի առաջանցիկ տեմպերով է եղել, քան գնաճը:

  • Կիսվել: