ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պաշտոնյաների ընտանիքի անդամները ևս կօգտվեն ՀՀ օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից. նախագիծ

Պաշտոնյաների ընտանիքի անդամները ևս կօգտվեն ՀՀ օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից. նախագիծ

ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգը 2018-ին ուժը կորցրած է ճանաչվել և մինչև օրս կարգավորված չէ որևէ իրավական ակտով: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ներկայացնելով «Կառավարության կողմից ներկայացրած պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Պաշտոնատար անձանց, օտարերկրյա պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է օդանավակայանների պաշտոնական պատվիրականությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների՝ օգտվելու կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորել իրավական ակտով, որը, սակայն, ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայության պատճառով»,- պարզաբանեց ԱԳ նախարարի տեղակալը:

Ըստ Մնացական Սաֆարյանի՝ վերը նշվածը կարգավորելու նպատակով է, որ անհրաժեշտություն է առաջացել լրացնել պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքը՝ սահմանելով օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ-ի պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը, որը կսահմանվի վարչապետի որոշմամբ:

«Վարչապետի որոշմամբ սահմանված կարգով նախատեսվելու է նաև՝ ո՞ր պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներն են օգտվելու այդ սրահից: Վերը նշվածը կարգավորելու նպատակով նույն հոդվածը լրացվում է նոր մասով, համաձայն որի՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կարող են օգտվել նաև սույն հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները»,- ասաց նա:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ ընտանիքի ո՞ր անդամներն իրավունք ունեն օգտվելու կարգավորումից: ԱԳ նախարարի տեղակալը պարզաբանեց. «Ընտանիքի անդամները՝ հյուպատոսական տիրույթում՝ կին, ամուսին, երեխաներ»,- ապա հավելեց, թե ավելի ընդլայնված պետք չէ հասկանալ. «Այնպես չէ, որ անընդհատ երեխաների հետ կամ ընտանիքի հետ են պաշտոնատար անձինք ճանապարհորդում, առաջանում է այսպիսի անհրաժեշտություն որոշ դրվագներում՝ կախված աշխատանքային ծանրաբեռնվածությունից»:

Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պարզաբանեց, որ փոփոխությունը պայմանավորված է նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցմամբ, և որ նախկինում այդ մասով գործել է նախագահի կարգադրություն:

«Երբ անցում ենք կատարել դեպի խորհրդարանական համակարգ, այդ կարգադրությունը՝ նախագահի կարգադրությունը, ճանաչվել է ուժը կորցրած, և դրա փոխարեն դեռևս 2018-ին այն օրենքում, որում մենք փոփոխություն ենք կատարելու, հայտնվել է նոր հոդված»,- ասաց պատգամավորը՝ մեջ բերելով նախագահի կարգադրությամբ գործող օրենքը, համաձայն որի՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտոնաթող նախագահը և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել ՀՀ օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Կարող են օգտվել նաև ՀՀ նախագահի և վարչապետի հրավերով ժամանած պատվիրակությունների անդամները, ինչպես նաև առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

Ըստ Մարիա Կարապետյանի՝ կարգավորումներից դուրս է մնացել ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցողներին և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին առնչվող կետը, որը, սակայն, նոր կարգավորմամբ ևս կհամալրվի:

  • Կիսվել: