չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Փաշինյանը՝ ՀՀ-ում սեռով պայմանավորված կարծրատիպային մտածելակերպի բերած խնդիրների մասին

Փաշինյանը՝ ՀՀ-ում սեռով պայմանավորված կարծրատիպային մտածելակերպի բերած խնդիրների մասին

Հանրությունը կենտրոնացած է կանանց հետ կապված գենդերային խտրականության խնդիրների վրա, բայց գենդերային անհավասարությունը վերաբերում է սեռով պայմանավորված խտրականությանն առհասարակ: Այդ մասին Կառավարության նիստին ՀՀ-ում գենդերային քաղաքականության նոր ռազմավարության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ տղաների նկատմամբ ևս կան բռնության դրսևորումներ:

«Այն, որ մանկահասակ տղաներին հայհոյանք են սովորեցնում, դա բռնություն է, դա գենդերային խտրականություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանք է: Մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես, որովհետև դրանից դուրս կասեն՝ էս ինչի՞ ա սենց: Բայց դա փոխվում է, և դա փոխվում է, բարեբախտաբար, կրթության շնորհիվ: Ուրիշ ճանապարհ չկա…

Էլի եմ ասում՝ ոնց որ մեր երկրում կան կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, մեր երկրում կան նույնպիսի կարծրատիպեր, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել: Սա պետք է մենք խոստովանենք: Ինչպես կա կարծրատիպ, որ կանանց թույլ չեն տալիս հանրային ակտիվություն ցուցաբերել, նույնկերպ կան կարծատիպեր, որ քառակուսիից դուրս մտածել չի կարելի տղաներին, որովհետև ճիշտը մի հատ է, պետք է այդ ճշտի մեջ մնալ: Հենց էդ ճշտից դուրս եկար, ուրեմն սխալ ես գիտակցում: Եվ մենք չենք գիտակցում այս պրոբլեմը»,- ասաց նա:

Փաշինյանն այս համատեքստում անդրադարձավ նաև բանակի խնդիրներին՝ նկատելով, որ խնդիրների մեծ մասը ձևավորվում է միջավայրի նկատմամբ վերաբերմունքի կուլտուրայից. «Ժողովո՛ւրդ ջան, ՀՀ-ում տղամարդու համար ավել բռնելն ամոթ է: Խնդիրն ավելի ու տղամարդու մասին չէ, խնդիրը միջավայրի մասին է»:

Այս համատեքստում ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ «Գլոբալ գենդերային խզվածք» զեկույցի երկրների դասակարգման տվյալները, ըստ այդմ՝ 146 երկրի շարքում Հայաստանը 64-րդն է, 2022 թվականին եղել է 89-րդը: Ըստ այս ցուցանիշի՝ ՀՀ-ն 2 տարում դրական առաջընթաց է գրանցել:

  • Կիսվել: