հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Բացառում եմ իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ. ՏԿԵ նախարարը՝ կաթողիկոս ընտրելու գործընթացի մասին

Բացառում եմ իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ. ՏԿԵ նախարարը՝ կաթողիկոս ընտրելու գործընթացի մասին

Վստահ եմ՝ ինչպես մեր բոլոր քայլերը, այնպես էլ այս քայլը տեղավորվելու է ՀՀ Սահմանադրության, օրենքների և բարոյականության շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դվաիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով՝ վարչապետի՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու համար աշխատանքային խմբի ձևավորմանը և հարցին՝ ինչպե՞ս են դա անելու:

«Քաղաքական ակցիաներ չեն լինելու, որովհետև մեր մոտիվացիան քաղաքական չէ: Ինձ անձամբ այս հարցը հետաքրքիր է, որպես հայ քրիստոնյա և կուսակրոնության հետ կապված ուխտի թվացյալ խախտումն էլ կամ արդեն հայտարարված խախտումն էլ այս տրամաբանության մեջ է:

Ենթադրում եմ, որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինելու, կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից, գործող կամ նախկին, և կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ամբողջ իմ ասածը տեղավորում է»,- ասաց նա:

 

Հարցին՝ ինչպե՞ս է պարզվելու որ խորհդի անդամները մաքրամաքուր մարդիկ են կա որ ամեն օր աղոթում են, նա ասաց. «Վարչապետը դրա հետ կապված նաև մեխանիզմ է ասել, հասկանալի է, որ որոշակի բաներ անձի ազնվության են թողելու, նույն ձեր ասած, օրինակ ամեն օր աղոթելու հանգամանքը, բայց մենք նաև վստահենք, որ այլ բաների մասով ստուգման մեխանիզմներ կան: Այնտեղ, որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, ստուգում կիրականացվի, այնտեղ, որտեղ պիտի թողենք մարդու ազնվությանը, մենք կթողնենք մարդու ազնվությանը։

Խուդաթյանը նշեց, որ հաշտ չէ առաջին հերթին այն կարգերի և ավանդույթների խախտման հետ, որը, ցավոք սրտի, տեղի է ունեցել վերջին տարիներին եկեղեցու շատ հոգևորականների կատարմամբ:

«Ինձ մոտ տպավորություն է, որ շատերը քրիստոնյաներից հաշտ են կուսակրոնության խախտման հետ, և այդ հաշտ լինելն իմ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում: Նաև թվացյալ տպավորություն կա, որ լրագրողական համայնքից շատերն են հաշտ այս մտքի հետ, և ընդամենը հարցն ուղղվում է նրա համար, հասկանալու, թե մեր շահագրգռվածությունն ինչպիսին էր վերջին ժամանակներում խոսելու դրա մասին»,- հայտարարեց նա:

Հարցին՝ դուք ազնի՞վ եք, երբ ասում եք խնդիրը կուսակրոնությունն է, այլ ոչ թե ձեր քաղաքականությանը հակառակ նրանց հայտարարություններն են, նա ասաց. «Մենք ազնիվ ենք: Մենք ազնիվ ենք ոչ միայն այս հարցում, այլև ՀՀ քաղաքացիների հետ ուրեմն շփման հիմնական պատճառը այս հարցի բարձրացման, այո, դա է»:

Նա նաև նշեց, որ Շվեյցարիայում Վեհափառի ունեցած ելույթը կապ չունի այս որոշման հետ: «Շատ շրջանակներ փորձում են կապել, բայց իրականում դա պայմանավորված է այն հանգամանքով, ինչի մասին ասացի»,- նշեց նա։

  • Կիսվել: