հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի անջատված մասի նախաքննության ընթացքում կալանավորվել է Մերձավանում սպանություն կատարած անձը:

Քրեական վարույթի անջատված մասի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ղ.-ն իր մոտ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող ինքնաձիգ՝ առնվազն 7 փամփուշտով, որից կրակոցներ է արձակել Մերձավանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից երկուսի ուղղությամբ՝ սպանելով Գ.Օ.-ին և փորձելով սպանել Ս.Բ.-ին:

Նույն ժամանակահատվածում Ա.Ղ.-ն մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ:

Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ա.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հիշեցնենք, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել և հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: