հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պարտքերն արդեն հասել են աշխատավարձերին. Թորոսյան

Պարտքերն արդեն հասել են աշխատավարձերին. Թորոսյան

Քանի որ վարչապետն առիթն օգտագործեց և այս տարվա եկամուտների մասին խոսեց, որոնք բարեբախտաբար գերակատարվում են: Սրան զուգահեռ, մենք ունենք մի ոլորտ, որի անունն է առողջապահություն, որտեղ ունենք լրիվ հակառակ պատկեր: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Կուտակված պարտքեր արդեն մատուցված ծառայությունների դիմաց, որոնք մի քանի պատճառներով շատացել են»,- ասաց Արսեն Թորոսյանն ու թվեց պատճառները, որոնցից առաջինը հետքովիդյան իրավիճակն է, երբ  մարդկանց առողջական վիճակը վատացել է խրոնիկ ձևով, պատերազմի արդյունքներում առաջացած բեռը, մեծացած պահանջարկը, որն արդյունք է լավ մատուցվող ծառայությունների:

«Այսինքն, եթե առաջ մարդը պետպատվերով ծառայությունների համար վարանում էր դիմել, հիմա ավելի շատ են դիմում»,- ասաց Թորոսյանն ու հավելեց, որ այնուամենայնիվ, ունենալով գերակատարումներ, մենք այնտեղ ունենք պարտքեր:

«Պարտքերն արդեն հասել են աշխատավարձերին, մատակարարներին, այդ թվում ոչ միայն ոլորտային՝ սկսած ընդհուպ մինչև էլեկտրաէներգիայի վարձ, գազի վարձ և այլն: Եվ ես ուզում եմ Ձեզ և՛ հարցնել, և՛ խնդրել, որովհետև նման մի խոսակցություն ունեցել ենք նաև անցյալ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ, որովհետև այն ժամանակ էլ կար այդ ավելացած բեռը և դա մեկ-երկու ամիս հետո ֆինանսավորվեց։ Բայց այս տարվա բյուջեն կրկին ձևավորվեց անցյալ տարվա բյուջեի սկզբի չափ, որը, միգուցե և հասկանալի էր, այդ պահին կանխատեսումներն այդքան էլ լավատեսական չէին և շատ լավ է, որ հիմա մենք տեսնում ենք մեր կանխատեսումների գերազանցում»,- ասաց Թորոսյանն ու հարց ուղղեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, թե արդյոք կարող են այս գերակատարումների շրջանակներում նշված հարցը լուծել և լուծել ոչ միայն այսօր կուտակված պարտքերի մասով, որոնք պետք է ամեն դեպքում ֆինանսավորվեն, այլև մինչև տարվա վերջ, որպեսզի նորից չառաջանա նույն իրավիճակը, «կրկին մենք հարցը բարձրաձայնենք, ու կրկին կետային լուծում ստանա հարցը»:

ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց,որ ցանկանում է մի քանի հարց տարանջատել, որպեսզի ամեն ինչ պարզ լինի.

«Ինչու ենք մենք այսօր որոշակի հետաձգումով վճարում առողջապահական ծառայությունների դիմաց՝ կուտակված որոշակի ծառայությունների ծավալի համար. մենք երբ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը ձևավորում էինք, այդ ժամանակ հայտնի էին 2020 թվականի փաստացի ցուցանիշները, այդ թվում, այն ծառայությունների գծով, որոնք պետական պատվերի շրջանակներում մատուցվում են որոշակի շահառուներին: Առողջապահության նախարարության մեր գործընկերները մեզ նաև 2022 թվականի բյուջեն ձևավորելու ժամանակահատվածում ասում էին, հորդորում էին այդ ցուցանիշները որոշակի աճի ենթադրություններով պլանավորել, որովհետև ասում էին, որ 2020 թվականի ընթացքում առողջապահական համակարգն իր հզորությունների գերակշիռ մասով հարմարեցված էր կորոնավիրուսի սպասարկման նպատակներին՝ բազմաթիվ դեպքերում նաև պատերազմի ժամանակահատվածում մենք հորդորում էինք առողջապահական հաստատություններին և նաև մեր բնակչությանը, որ շատ ոչ անհետաձգելի դեպքերում չդիմեն, չշեղեն մեր կարևոր անելիքներից և որպեսզի մենք կարողանանք ժամանակին մատուցել այն ծառայությունները, որոնք օրվա խնդրին պետք է ծառայեին: Այդ պատճառով մենք 2020 թվականի ընթացքում մյուս ծառայությունների գծով ունեցել ենք որոշակի նվազեցված փաստացի ցուցանիշներ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, 2022 թվականի բյուջեն կազմելիս գործընկերներն այդ մասին հուշել էին:

«Մենք, այնուամենայնիվ, ինչպես էինք արձագանքում, ասում էինք եկեք, քանի որ այլ բան չգիտենք, մի քիչ պահպանողական ցուցանիշներով գնանք 2022 թվականի բյուջեն կազմելու, բայց խոստումով, որ երբ կառաջանան նման դեպքեր, երբ մենք կտեսնենք, որ նախապես որոշված ծառայության գծով շահառուների շրջանակում կա փաստ՝ դիմում, ծառայություն և ֆինանսավորման պարտավորություն, ապա կառավարությունն անվերապահորեն դա պետք է կատարի: Պետք է ձեզ տեղեկացնեմ, որ առ այսօր ձևավորված պարտքերի վերաբերյալ մեր Առողջապահության նախարարության գործընկերներն ունեն հաշվառում, դիմել են կառավարությանը սահմանված կարգով և, շուտով մենք կկայացնենք այն որոշումը, որ ձևավորված պարտքերի դիմաց լիակատար և լիարժեք վճարում է երաշխավորում»,- ասաց Ֆինանսների նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով, չկա այնպիսի բան, որ կուտակված պարտքերի դիմաց որևէ պատճառով վճարման պարտավորությունները հետաձգվեն:

  • Կիսվել: