երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ ծանոթացել է Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի շինարարության ընթացքին

Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ ծանոթացել է Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի երկու տեղամասերում իրականացվող շինարարության ընթացքին։

Սեւան-Մարտունի Գետափ միջպետական ճանապապարհի Երանոս-Ծակքար յոթ կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավել է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: 

Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ շինտեղամասի նախագծի ղեկավար Վահրամ Պետրոսյանը, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Օգոստոսի 5-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացված է ավելի քան 50 տոկոսով: 

«Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնյա ծածկույթի հին շերտի ֆրեզման եւ հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի եւ ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման եւ ասֆալտբետոնյա ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնյա վերին շերտի ծակույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, եւս 2200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում եւ իջատեղերում:

Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթեւեկության նշաններով եւ գծանշումներով: Աշխատանքներն ընթանում են սահմանված` չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ»,-ներկայացրեց շինարարության պատասխանատուն։

Նախարարի այցի հաջորդ կանգառը նույն ճանապարհի` Մարտունի քաղաքով անցնող Կամոյի փողոցում էր։ Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, պետական միջոցներից շինարարության իրականացման նպատակով հատկացվել է անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5-­ կիլոմետրանոց հատվածը հիմնանորոգվում է պետական միջոցների հաշվին: Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Կասֆալտապատվի  շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ:

Ասֆալտապատում կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Օգոստոսի յոթի դրությամբ կառուցվում է ջրահեռացման համակարգը, հանվել է ամբողջությամբ հին ասֆալտբետոնյա ծածկույթը եւ ծածկի հիմքը, մոտակա օրերին կսկսվի մայթերի կառուցումը, կտեղադրվի ճանապարհի նոր հիմք եւ ասֆալտբետոնյա ծածկ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ։

Նախարարը հորդորեց շինարարներին հնարավորինս արագացնել շինարարության տեմպերը, որպեսզի այստեղով Արցախի ու Իրանի հետ կապող ճանապարհների հիմնանորոգումը հնարավոր լինի ավարտել սահմանված ժամկետներում:

  • Կիսվել: