երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարն այցելել է «Ամբերդ» օդերևութաբանական կայան

Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարն այցելել է «Ամբերդ» օդերևութաբանական կայան

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան` սեպտեմբերի 16-ին ընդառաջ շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի շրջանակում առաջին անգամ Հայաստանում էր Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան: Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարությունից:

«Բնապահպանական տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, տնօրենի տեղակալներ Գագիկ Սուրենյանի և Գայանե Շահնազարյանի, Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ուղեկցությամբ Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան այցելել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայհիդրոմետ) «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայան։ Կայանը հիմնադրվել է 1933 թվականի հունիսի 27-ին։ Օդերևութաբանական կայանը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հարավային լանջին, ծովի մակարդակից 2071 մ բարձրության վրա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հյուրերին են ներկայացրել կայանի գործունեությունը։ Դիտարկումներն իրականացվում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան։ 3 ժամը մեկ հաճախականությամբ կատարվում են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական պարամետրերի վերաբերյալ՝ ընդհանուր և ստորին հարկերի ամպամածության քանակ, օդի ժամկետային, առավելագույն, նվազագույն ջերմաստիճաններ, հողի ժամկետային, առավելագույն, նվազագույն ջերմաստիճաններ, քամու ուղղություն, միջին և առավելագույն (պոռթկում) արագություն, մազային խոնավաչափով օդի խոնավության, տեղումների քանակի, մթնոլորտային ճնշման, մթնոլորտային երևույթների վերաբերյալ դիտարկումներ ինչպես նաև ամենժամյա կերպով իրականացվում են արևափայլի տևողության դիտարկումներ։ Ստացված օդերևութաբանական պարամետրերի հիման վրա պսիխրոմետրական աղյուսակի միջոցով հաշվարկվում են օդի հարաբերական խոնավության, ցողի կետի, հագեցման պակասորդի և ջրային գոլորշու առաձգականության արժեքները։ Ամբերդ օդերևութաբանական կայանից ստացված օզոնի ընդհանուր պարունակության մոնիթորինգի արդյունքները սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ ուղարկվում են Օզոնի և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն (WOUDC – Տորոնտո, Կանադա), ըստ DWD-ի հետ կնքված պայմանագրի։

  • Կիսվել: