Ովքե՞ր կարող են օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից
Ովքե՞ր կարող են օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից:
Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը չգերազանցող չափով`
✅եթե բնակարանը ձեռք է բերվել (բերվում) ՀՀ-ում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, կա´մ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում պետությունից կամ համայնքից, և բնակարան ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը
✅եթե անհատական բնակելի տունը ձեռք է բերվել (բերվում) ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից, և անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը
✅եթե ՀՀ տարածքում կառուցվում է անհատական բնակելի տուն:
Ինչպե՞ս դիմել հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար համավարակի Covid19 տարածման պայմաններում:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված անհրաժեշտ է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից (բանկեր և վարկային կազմակերպություններ) ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:
📧Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին: Էլեկտրոնային հասցեները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքէջում։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել առաջին անգամ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով դիմելու դեպքում: Արդյո՞ք հնարավոր է համավարակի տարածման պայմաններում փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային եղանակով:
Առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն պետք է հարկային մարմին ներկայացնի պահանջվող փաստաթղթերը առձեռն:
Սակայն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին փոստային ծառայության միջոցով ուղարկել հետևյալ փաստաթղթերը`
✅եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված դիմում
✅վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ
✅վարկառուի (համավարկառուի) հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)
✅վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը
✅ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության (բանկեր և վարկային կազմակերպություններ) կողմից տրամադրված տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների մասին
✅կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն
✅բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ բնակարան կամ անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր
✅անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում՝ աշխատավարձի և դրանից վճարված եկամտային հարկի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:
Եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիպոտեկային վարկի պայմանագրի մասով:


