ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Որպես հումք օգտագործվող մի շարք ապրանքների ներմուծման համար սահմանին ԱԱՀ չի գանձվի

Որպես հումք օգտագործվող մի շարք ապրանքների ներմուծման համար սահմանին ԱԱՀ չի գանձվի

 Հայաստանում արտադրական գործունեության մեջ օգտագործվող ապրանքների ներմուծումը սահմանին կազատվի ավելացված արժեքի հարկի գանձումից: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

«Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արդյունահանման վերջնական արտադրանք ստանալու համար: Հայաստանի մաքսային տարածքը հատելիս այդ ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկ է գանձվում, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից»,-ասաց Արզումանյանը:

Այսպիսով առաջարկվել են փոփոխություններ և լրացումներ՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկում:

«Առաջարկվում է ցանկում ընդգրկել արտադրության համար որոշ խումբ ու նյութեր, ինչպես նաև այն հումքն ու նյութերը, որոնք հիմնականում ներմուծվում էին ներդրումային ծրագրերի շրջանակներում՝ ստանալով հարկային արտոնություն՝ Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի հիմքով, որը ներկայումս ուժը կորցրած է ճանաչվել: Փաստորեն նախագծով ներառված ապրանքները չեն արտադրվում Հայաստանում, սակայն անհրաժեշտ են արդյունաբերական ձեռնարկություններին վերջնական արտադրանք ստեղծելու համար: Նախատեսվում  է հումքի և սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար տեղափոխել դեպի ներքին տնտեսություն: Այդ պատճառով առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկից գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում»,-ասաց փոխնախարարը:

Այն ապրանքները, որոնց վերաբերյալ նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ հանելով սահմանին ԱԱՀ-ի գանձումը, 2021 թ-ին ներմուծվել են շուրջ 11 մլն դոլարի չափով: Սակայն ակնկալվում է, որ սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում կավելանան դրանց ներմուծման ծավալները: Ցանկում ավելացվող ապրանքներից են՝ աշորա (սերմացու), վարսակ (սերմացու), Ցորենի սոսնձանյութ` չոր կամ հում և այլն:

Փոխնախարարը վստահեցրեց, որ նախագծի ընդունումը միայն ժամանակային ազդեցություն կարող է ունենալ պետբյուջեի հարկային եկամուտների վրա, իսկ գումարային ազդեցությունը կլինի չեզոք:

  • Կիսվել: