շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որոշ ընկերություններ չարաշահում են կառավարության կողմից տրված հարկային և մաքսային արտոնությունները. վարչապետ

Որոշ ընկերություններ չարաշահում են կառավարության կողմից տրված հարկային և մաքսային արտոնությունները. վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ ընկերություններ չարաշահում են կառավարության կողմից տրված հարկային և մաքսային արտոնությունները:

Նրա խոսքով՝ կառավարությունը հումքի ներկրման համար տալիս է հարկային և մաքսային արտոնություններ, որպեսզի այն ներկրի, Հայաստանում իրականացվի արտադրական գործունեությունը և ստեղծի ավելացված արժեք, բայց ՊԵԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս արտոնություններից օգտվող ընկերություններ կան, որոնք պարզապես վաճառում են ներկրված այդ հումքը և այդ վաճառքը ավելի մեծ ծավալներ է ապահովում, քան արտադրանքի ծավալը:

«Ստացվում է, որ այս արտոնություններով մենք շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ, որոնք կարող են ունենալ մենաշնորհային առավելություններ»,-նշեց վարչապետն՝ ավելացնելով, որ առնվազն երեք նման դեպք ՊԵԿ-ը ներկայացրել է իրեն:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ օրենքը սահմանում է՝ եթե արտոնություն ստացած ընկերությունը որոշել է ոչ թե արտադրել, այլ վաճառել, ապա արտոնությունը չեղարկվում է, նաև հնում տրված արտոնություններն են չեղարկվում. «Մենք նույնպես հետևողական ենք, ես խնդրել եմ, որ և ՊԵԿ-ը, և ֆինանսների նախարարությունը ուշադիր լինեն այս հարցին»:

 

  • Կիսվել: