ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որոշ տնտեսագետների կանխատեսումներով՝ տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ, սակայն գրանցվեց 7.6% տնտեսական աճ. պատգամավոր

Որոշ տնտեսագետների կանխատեսումներով՝ տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ, սակայն գրանցվեց 7.6% տնտեսական աճ. պատգամավոր

Եթե կարողանանք  կորանավիրուսի հետևանքները հնարավորինս արագ հաղթահարել, ապա համոզված եմ՝ 5 տարվա ընթացքում կկարողանանք ամբողջությամբ կյանքի կոչել այն ցուցանիշները, որ ի սկզբանե դրվել էին: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Կառավարության 2019թ. ծրագրի կատարողականին:

Նա հիշեցրեց, որ 2019թ-ին արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական աճ, ինչը տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշն է։ «Եւ սա այն դեպքում, երբ որոշ տնտեսագետներ կանխատեսում էին, որ 2019-ին մեր տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ։ Իսկ երբ այդպես չեղավ, եկավ քննադատությունների հաջորդ ալիքը, թե այս տնտեսական աճն առողջ չէ և դա հիմնականում պայմանավորված է մեքենաների առևտրով և բուքմեյքերական ընկերություններով»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Մինչդեռ, ըստ նրա, աճը հիմնականում արձանագրվել է մշակող արդյունաբերությունում, ֆինանսական և ապահովագրության, առևտրի, հանքարդյունաբերության ոլորտներում։ Իսկ բուքմեյքերական ընկերությունների, զվարճանքի ոլորտի աճը 7.6%-ի մեջ ընդամենը կազմել է 0,5-0,6 տոկոսային կետ։

Նշվեց նաև, որ 2019թ. ներմուծումն աճել է 18%-ով, արտահանումը՝ 9.4%-ով:

Անդրադառնալով բացթողումներին՝ պատգամավորը նշեց, թե պետք է առանձնացնել հատկապես այն, որ ռեֆորմները դանդաղ են իրականացվում:

«Օրինակ՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը եթե լիներ, և եթե ավելի շուտ սկսեինք դրա վրա աշխատել, այսօր շատ ավելի արագ հակաճգնաժամային միջոցառումները կիրականացնեինք և ավելի հասցեական կլիներ, գործն ավելի կհեշտանար»,- ասաց նա:

Պատգամավոր նաև նշեց, որ ճգնաժամը, անկախ նրանից՝ տարին ինչ ցուցանիշներով կփակվի, հնարավորություն կտա դրանից դուրս գալ ավելի ուժեղացած, պետական ինստիտուտների ու համակարգերի առումով՝ ավելի կայացած:

Ինչ վերաբերում է ներդրումներին, Բաբկեն  Թունյանն ասաց, որ ընդհանուր ներդրումները նախորդ տարի աճել են, ուղղակի ներդրումները՝ մնացել են նույն ծավալով: «Ներդրումների առումով, իհարկե, խնդիր ունենք, և անցած տարի ընդունված որոշ օրենքները պետք է հետագայում ներդրումների խթանմանը նպաստեն»,- նշեց նա։

Խոսելով աղքատության հաղթահարումից ու գործազրկությունից,  պատգամավորն ասաց, որ աղքատության ցուցանիշն ավելի ուշ է հրապարակվում. 2019-ի ցուցանիշները կհրապարկվեն սեպտեմբերին։

«Համոզված եմ, որ աղքատության ցուցանիշն ավելի նվազած կլինի, որովհետև անցած տարվա ընթացքում շատ քայլեր են կատարվել՝ թոշակների, նպաստների և աշխատավարձերի բարձրացում, դրանց մի մասն էլ ուժի մեջ է մտել 2020թ-ից»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: