շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օրեր անց մրցույթը կհայտարարվի, և ճանապարհը կկառուցվի․ մարզպետը հայտնեց, որ Ծովակի բնակիչները բացել են ճանապարհը

Օրեր անց մրցույթը կհայտարարվի, և ճանապարհը կկառուցվի․ մարզպետը հայտնեց, որ Ծովակի բնակիչները բացել են ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները բացել են ճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մարզպետ Գնել Սանոսյանը: Նշենք, որ գյուղացիները պահանջում են բարեկարգել իրենց ճանապարհները:

Մարզպետը նշեց, որ խնդրի լուծումը վաղուց կա և այդ համայնքի բնակչության մեծամասնությունը և ճանապարհը փակած հայրենակիցների մեծամասնությունը գիտեն, որ օրեր անց մրցույթ է լինելու և այս տարի անպայման իրենց ճանապարհը լինելու է:

Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ տարի էին նույնը ասել, սակայն ճանապարհը չեղավ, մարզպետը ասաց.«Այո, ծրագիրը պետք է լիներ նախորդ տարի, նախագիծն արվեց մայիսին, պետք է մրցույթը լիներ, որից հետո փոխվեց շինարար, սակայն քանի որ ծրագիրը պետական բյուջեով չի արվում, այդ գործառույթներից ելնելով՝ ծրագիրը անցած տարի չիրականացվեց, որի համար մեր համայնքի բնակիչներին պատշաճ բացատրություններ տրվել է, հանդիպումներ են եղել և հիմա շատ լավ գիտեն որ ճանապարհը լինելու է: Անկախ նրանից՝ բողոքի ակցիան շարունակություն կունենա՞, թե՞ ոչ, անկախ նրանից՝ ճանապարհ փակեն, թե ոչ, ճանապարհը լինելու է, երկրորդ տարբերակ չկա»,-ասաց նա:

Գնել Սանոսյանն ասաց, որ գործընթացը որոշակի բարդություններ ունի, քանի որ մի քանի կառույցի հետ կապված գործընթացներ կան, դրա համար է ձգձգվել, բայց այժմ հասել է իր վերջնական փուլին:

Հարցին՝ ամենը քաղաքացիները չգիտե՞ն, թե՞ պարզապես ձեզ չեն վստահում, մարզպետը համոզմունք հայտնեց, որ համայնքի մեծամասնությունը գիտեր, և դրա համար չի հասկանում ճանապարհ փակելու իմատը: «Եթե այսքան տարի նման ճանապարհով անցել են և մնացել է օրեր, որ մրցույթը հայտարարվի, որոշակի ժամանակ անց սկսվեն աշխատանքները, այս դեպքում ի՞նչ իմաստ ունի ճանապարհ փակել»,-ասաց նա:

  • Կիսվել: