շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածի ներդրումային ծրագիրը լրամշակման փուլում է

Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածի ներդրումային ծրագիրը լրամշակման փուլում է

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածի ներդրումային ծրագրին՝ տեղեկացնելով, որ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու մասին նախագիծն արդեն մեկ անգամ քննարկվել է Կառավարության նախարարական կոմիտեի նիստին, և որ ներկայումս լրամշակման փուլում է:

«Դրան զուգահեռ տարածքում առկա գույքերի օտարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով «Երևաննախագիծ» ընկերության կողմից իրականացվել է գույքի նոր չափագրություն՝ նպատակ ունենալով համադրելու վկայականներում առկա սխեմաների հետ, որպեսզի պարզ դառնա՝ արդյոք տարածքում առկա գույքերն ինքնակամ եղանակով ընդլայնվե՞լ են, կամ դրանց վերաբերյալ այլ փոփոխություններ արվե՞լ են»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ վկայականների համադրումից հետո «Երևաննախագիծ» ընկերությունը պետք է ներկայացնի համառոտ տեղեկատվություն, ապա հավելեց. «Բայց սա ընդհանուր առմամբ գերակա շահի որոշման պրոցեսին չպետք է խանգարի»:

Քաղաքապետը նկատեց, որ տարածքում նաև 1 գույքի հետ կապված խնդիր կա: Քաղաքապետի խորհրդականն արձագանքեց. «Այդտեղ մի գույք կա, որն ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգով քննության առարկա է: Այդ գույքը ցանկում ներառելու, հետագայում գերակա շահ ճանաչելու և զուգահեռաբար դատախազության և դատաիրավական մարմինների կողմից ընթացակարգերի արդյունքներով պայմանավորված՝ մենք պետք է Դատախազությունից ստանանք տեղեկատվություն: Գրությամբ դիմել ենք, որպեսզի հասկանանք՝ այդ գույքի նկատմամբ ինչ ռեժիմ պետք է գործի:

Ենթադրաբար, այդ փոխհատուցման գումարը պետք է դեպոզիտում սառեցվի՝ հետագայում հասկանալու համար»:

Քաղաքապետն առաջարկեց գերակա շահի որոշումն առաջ տանել և հարցը կրկին քննարկել կոմիտեում:

  • Կիսվել: