հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ո՞ր մշակութային կազմակերպությունները կունենան «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ. Նոր որոշում

Ո՞ր մշակութային կազմակերպությունները կունենան «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ. Նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում հաստատեց ՀՀ–ում գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, ախապայմանները և չափանիշները։

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է թատերական, երաժշտական, պարարվեստի և կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային ոլորտի մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապատասխան կարգավիճակ շնորհելու անհրաժեշտությամբ։

Որոշման նախագծով առաջարկվում է վերոնշյալ ոլորտային մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանել հստակ և տարբերակված մոտեցում, որը թույլ կտա կազմակերպությունները դասակարգել ըստ դրանց գործունեության տարածքի և հանրային դերակատարության։

Առաջարկվում է «Համապետական» կարգավիճակը շնորհել այն կազմակերպու­թյուն­ներին, որոնց գործունեությունը տարածվում է Հայաստանի ողջ տարածքի վրա և ունի ռազմավարական նշանակություն պետության կողմից մշակութային քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Այս կարգավիճակ ունեցող կազմակեր­պությունները առանձնանալու են իրենց բացառիկության և ազգային մշակույթի պահպանման գործում ունեցած դերակատարմամբ:

«Տարածքային» կարգավիճակ առաջարկվում է շնորհել այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը մեկ ամբողջական մարզի շրջանակներում՝ նպաստելով մշակութային կյանքի զարգացմանը մարզային մակարդակում։

«Տեղային» կարգավիճակ շնորհվելու է այն կազմակերպություններին, որոնք գործում են բացառապես համայնքային մակարդակում և սպասարկում են տվյալ համայնքի մշակութային կարիքները։

Կազմակերպությունների հստակ իրավական կարգավիճակը անհրաժեշտ նախա­պայման է պետական աջակցության ծրագրերին մասնակցելու համար:

  • Կիսվել: