ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նույնիսկ հավատս չի գալիս, որ խցանումներ չեն լինի. Փաշինյանը` Վերին Լարսում իրավիճակի մասին

Նույնիսկ հավատս չի գալիս, որ խցանումներ չեն լինի. Փաշինյանը` Վերին Լարսում իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովը խոստացավ` «Վերին Լարսի» անցակետում ևս 4 նոր գիծ վերակառուցելուց հետո խցանումների խնդիրը կլուծվի 1 շաբաթվա ընթացքում։ Այս մասին Դավիդովը հայտարարեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։
 
Վերջինս իր ելույթում ընդգծեց, որ արդեն ամառ է, և փոքր–ինչ անհանգստացած է «Վերին Լարսի» անցակետի թողունակության առումով։ ՀՀ վարչապետը շեշտեց` ինքը տեղյակ է, որ ռուսական կողմը հիմնանորոգման ուղղությամբ մեծամասշտաբ աշխատանքներ է տանում։ Այդ մասով նա հույս հայտնեց, որ առաջիկայում դրանք կավարտվեն։
 
«Ե՛վ մաքսային, և՛ սահմանային ծառայություններն անում են ամեն ինչ, որպեսզի վերանորոգումներից հետո կարողանանք մեքենաների թողունակությունն ավելի շատացնել։ Ամեն օր գրեթե 1000 մեքենա է դուրս գալիս 2 ուղղությամբ, մեզ պետք է առնվազն 1500 մեքենայի թողունակություն, որպեսզի ընդհանրապես հերթեր չլինեն։ Տրանսպորտի նախարարությունից սպասում ենք, որ մինչև հունիսի 15-ը կհատկացնեն ևս 4 նոր գիծ՝ անցակետի ավելի լավ անցանելիության համար»,– ասաց Դավիդովը։
 
Նա խոստացավ՝ վերակառուցումից հետո խցանումները կլուծվեն մեկ շաբաթվա ընթացքում։ Դավիդովը նաև շեշտեց` վերակառուցումից հետո կլինի 39 գիծ, դրանցից 15-ը բեռնատարների համար։
Փաշինյանն արձագանքելով ՌԴ Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի ասածին` նշեց, որ դա լավ լուր է։
«Անկեղծ ասած, նույնիսկ հավատս չի գալիս, որ «Վերին Լարսում» ընդհանրապես խցանումներ չեն լինի։ Հիմա արդեն ոչ միայն քննարկել ենք, այլև խոստումը կա, նշանակում է պետք է անել»,– նշեց ՀՀ վարչապետը։

  • Կիսվել: