շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նռնաձոր համայնքում գտնվող պետական 148 հեկտար հողամասը առանց մրցույթի վարձակալության կտրվի «Նռնաձոր» կոոպերատիվին

Նռնաձոր համայնքում գտնվող պետական 148 հեկտար հողամասը առանց մրցույթի վարձակալության կտրվի «Նռնաձոր» կոոպերատիվին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում համաձայնություն տվեց Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Նռնաձոր բնակավայրում գտնվող հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Նռնաձոր գյուղում գտնվող ընդհանուր 147,918 հեկտար մակերեսով հատուկ նշանակության հողատարածքը, նախկին հողօգտագործողի (ԱՆ քրեակատարողական ծառայություն) կողմից օգտագործվել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար: Հաշվի առնելով որ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ շենքերով և շինություններով զբաղեցված և դրանց սպասարկման համար հատկացված հողամասերի) վրա չի տարածվում «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները, ուստի անհրաժեշտություն է առաջանում վերը նշված հողատարածքի հետագա արդյունավետ տնօրինման, տիրապետման և օգտագործման լիազորությունները իրականացվի Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի միջոցով:

ՀՀ Սյունիքի մարզպետը հաշվի առնելով hողատարածքի տեղադիրքը և սահմանապահ Նռնաձոր բնակավայրի բնակիչների կողմից ստեղծված «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվի խնդրանքը միջնորդել է ՀՀ կառավարությանը՝ պտղատու այգիների հիմնման նպատակով, առանց մրցույթի, անշարժ գույքի հարկին հավասարեցված տարեկան վարձավճարով, հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին:

Նշենք, որ «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվը ստեղծվել է Նռնաձոր բնակավայրի բնակիչների կողմից, որի անդամները հանդիսանում են բացառապես սահմանապահ Նռնաձոր գյուղում մշտական բնակություն հաստատած և այգեգործությամբ զբաղվելու ցանկություն հայտնած բնակիչները:

Ըստ այդմ, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, գյուղատնտեսական գործունեությունը ծավալելու նպատակով, կօգտագործեն սահմանային գոտում բնակություն հաստատող բնակիչները, ինչի արդյունքում մասամբ կբարելավվի նրանց սոցիալական վիճակը, լրացուցիչ հետաքրքրություն կառաջացնի բնակավայրը չլքելու և լրացուցիչ խթան՝ սահմանը կայուն պահելու համար:

Նախագիծը մշակվել է Սյունիքի մարզպետի կողմից:

  • Կիսվել: