ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոր օրենքով սերտիֆիկատ չունեցող օծանելիքա-կոսմետիկական արտադրանքներն ու խաղալիքները ենթակա կլինեն ամբողջական ոչնչացման

Նոր օրենքով սերտիֆիկատ չունեցող օծանելիքա-կոսմետիկական արտադրանքներն ու խաղալիքները ենթակա կլինեն ամբողջական ոչնչացման

Նոր օրենքի ընդունումից հետո սերտիֆիկատ չունեցող օծանելիքակոսմետիկական արտադրանքները, խաղալիքներն ու այլ ոչ պարենային արտադրատեսակները Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ենթակա կլինեն ամբողջական ոչնչացման: Շուկայի վերահսկողության մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ ընդգծելով,  որ Տեսչական մարմինը որակի հետ կապված վերահսկողություն չի իրականացնում:

«Մենք բացառապես իրականացնում ենք արտադրանքի անվտանգության վերահսկողություն, որ խաղալիքը, մաքրող-լվացող միջոցները կամ օծանելիքակոսմետիկական արտադրանքները թունավոր չլինեն և մարդկանց, երեխաների առողջությանը վնաս չհասցնեն, իսկ ապրանքի անորակ լինելն արդեն կորոշեն քաղաքացիները: Ոչ պարենային արտադրանքների ոլորտում Տեսչական մարմինն իրականացնում է երկու տեսակի վերահսկողություն` առաջինը  անվտանգությունն է, երկրորդը՝ մակնշման ստուգումը: Նախ և առաջ ապրանքի վրա  պետք է պարտադիր լինի հայերեն մակնշում, որ քաղաքացիները տեսնեն, թե ինչ են գնում,  երկրորդը՝ անվտանգության ցուցանիշները պետք է համապատասխան լինեն»,-ասաց Կոտոլյանը:

Շուկայի վերահսկողության տեսչական  մարմնի ղեկավարը նշեց, որ տեսչական մարմինները ստուգումներ իրականացնում են սպառման պահին: «Տեսուչները ստուգումների ընթացքում գնում  և տնտեսվարողից պահանջում են իրացվող արտադրանքի համապատասխանության գնահատման սերտիֆիկատը, ինչը նշանակում է, որ տնտեսվարողը տվյալ ապրանքը մինչև վաճառքի հանելը ուղարկել է որևէ հավատարմագրված լաբորատորիա, որտեղ փորձաքննությունը հաստատել է, որ տվյալ արտադրանքն անվտանգ է»,- ասաց նա:

Ըստ Կոտոլյանի՝ համապատասխան սերտիֆիկատ չունենալու դեպքում նման տնտեսվարողները առաջնային տուգանվում են 100-300 հազար դրամի չափով, այնուհետև նշանակվում  է  ժամկետ, որ դիմեն լաբորատորիա՝ այն ձեռք բերելու նպատակով: Սերտիֆիկատի առկայության դեպքում նոր  վաճառքը շարունակելու թույլտվություն են ստանում:

«2018 թվականից մենք հիմնական շեշտը դրեցինք և սկսեցինք ստուգումներ իրականացնել խոշոր տնտեսվարողների և ներմուծողների շրջանում, իսկ հետո աստիճանաբար անդրադարձանք մանր և միջին վաճառողներին: Նշեմ, որ ավելի փոքր տնտեսվարողները հիմնականում վերավաճառողներ  են, և, եթե  առաջին օղակում՝ խոշոր տնտեսվարողների և ներմուծողներին մոտ ամեն ինչ նորմալ է, ինքնըստինքյան մնացածների մոտ նույնպես նորմալ կլինի: Բայց, անկախ ամեն ինչից, Տեսչական մարմինը ստուգումներ անցկացնում է բոլորի մոտ»,-ասաց նա:

Արմեն Կոտոլյանն ասաց, որ 2022 թվականին օծանելիքակոսմետիկական արտադրանքների ոլորտում  Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է 70 ստուգում,  արդյունքում  հայտնաբերվել է 26 խախտում: Վարչական պատասխանատվության չափը կազմել է 4 միլիոն 455 հազար դրամ: Խաղալիքների շուկայում  իրականացրել է 72 ստուգում, խախտումների թիվը եղել է 46, իսկ վարչական  պատասխանատվության չափը կազմել  է 7 միլիոն 695 հազար դրամ: Տեսչական մարմնի ղեկավարը հավաստիացրեց, որ 2023 թվականից իրենց վերահսկողության տակ գտնվող  բոլոր ոլորտներում ստուգումներն ավելի են խստանալու:

«Պետք է նշեմ, որ 2021-2022թթ. հայտնաբերված խախտումներից այնպիսի դեպք չի գրանցվել, որ արտադրանքը տարվի լաբորատորիա և սերտիֆիկատ ձեռք բերել չհաջողվի: Սա նշանակում է, որ  վտանգավոր ապրանք շուկայում չի բացահայտվել»,- նշեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Անդրադառնալով շուկայում առկա շատ էժան օծանելիքակոսմետիկական միջոցներին և խաղալիքներին՝  Արմեն Կոտոլյանն ընդգծեց, որ  տարբերություն չկա բարձր թե ցածր գնով է վաճառվում, կարևորը, որ այն անվտանգ լինի: Ըստ նրա՝ ցածր գնով վաճառվող ապրանքը մի գուցե անորակ լինի. օրինակ մարդը կարող է օծանելիքը էժան գնով ձեռք բերել և պարզել, որ օգտագործելուց  15 րոպե անց հոտը չի պահպանվում, բայց դա Տեսչական մարմնի վերահսկողության խնդիրը չէ, մեր խնդիրն այն է, որ սպառողը օծանելիքն ու խաղալիքն օգտագործելուց հետո առողջական որևէ խնդիր չունենա, արտադրանքն անվտանգ լինի:

Անդրադառնալով նոր ծրագրերին՝ Կոտոլյանն  ասաց, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օծանելիքակոսմետիկական արտադրանքների և խաղալիքների ոլորտում մտադրություն ունի հիմնելու սեփական լաբորատորիա, որպեսզի հետագայում, անկախ նրանից տնտեսվարողը կունենա սերտիֆիկատ թե ոչ,   հնարավորություն լինի ձեռք բերել փորձանմուշ և սեփական լաբորատորիայում իրականացնել ստուգում՝ ավելի հավաստի տվյալներ ունենալու նպատակով:

Նա ընդգծեց,  որ լաբորատոր փորձարկումների արդյունքում տրվող սերտիֆիկատը ամբողջությամբ երաշխավորում է խաղալիքի անվտանգ լինելը: Այդ իսկ պատճառով, հատկապես խաղալիքների պարագայում,  ծնողները պետք է ուշադրություն դարձնեն և անպայման պահանջեն համապատասխան  սերտիֆիկատը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը հորդորեց բոլոր ծնողներին ու քաղաքացիներին ցանկացած  ոլորտում նմանատիպ խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես  ահազանգել Տեսչական մարմին:

  • Կիսվել: