Նոր Խարբերդ թաղամասն ամբողջությամբ կգազիֆիկացվի
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 250-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է իրականացնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնում։
Նախագծի ընդունման դեպքում կիրականացվի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ թաղամասը, որտեղ բնակվում է շուրջ 10 հազար մարդ, ի սկզբանե չի ունեցել գազամատակարարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կոյուղատար), էլեկտրամատակարարման, ոռոգման ջրի, արտաքին լուսավորության ձևավորված կայուն գործող համակարգեր:
ՏԿԵՆ «Տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից Նոր Խարբերդ թաղամասում 2024-ից մեկնարկել և իրականացվում են 73650 գծմ ջրամատակարարման նոր ցանցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2025 թվականին:
Թաղամասում բնակելի տների ջեռուցումն իրականացվում է մետաղյա վառարաններով՝ վառելափայտի միջոցով (հիմնականում տրամադրվում է համայնքի կողմից, որպես սոցիալական աջակցություն) կամ էլեկտրական ջեռուցիչների և տաքացուցիչների միջոցով։ Գազամատակարարման առկայության դեպքում ջեռուցումը կդառնա ավելի մատչելի և անվտանգ, ինչպես նաև՝ կապահովվի օբյեկտների շահագործման հուսալիությունը և անվտանգությունը։
Թաղամասի բնակելի տներին կից առկա են հողատարածքներ և գազաֆիկացման առկայության դեպքում հնարավորություն կընձեռվի բնակիչների կողմից ջերմոցային փոքր տնտեսություններ վարել։
Նոր Խարբերդ թաղամասը իր ենթակառուցվածքային հագեցվածությամբ բացասականորեն տարբերվում է Երևան քաղաքի այլ թաղամասերից, մասնավորապես՝ ճանապարհների մեծ մասը ասֆալտապատված չեն, դեռևս ավարտին հասցված չէ ջրամատակարարումը, ոռոգման ջրագծերը ենթակա են հիմնանորոգման, բացակայում է կոյուղատար համակարգը, և թաղամասի ամբողջական գազաֆիկացումը կլուծի շուրջ 10 000 բնակչի գազամատակարարման խնդիր, որոնցից մոտ 30 տոկոսը գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, ինչպես նաև մեծ թիվ են կազմում բազմազավակ ընտանիքները:
Գազամատակարարման տեսանկյունից Նոր Խարբերդ թաղամասը Երևան քաղաքում մնում է միակ բնակավայրը (թաղամասը), որն ամբողջությամբ զուրկ է գազամատակարարման համակարգից:
Թաղամասն ամբողջական գազիֆիկացնելու համար անհրաժեշտ է գազամատակարարման ցանցն ընդլայնել և թաղամասի բոլոր փողոցներում անցկացնել գազամատակարարման խողովակներ։