երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Նոր կարգավորումներ՝ սպառողների շահերի պաշտպանության նպատակով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Նոր կարգավորումներ՝ սպառողների շահերի պաշտպանության նպատակով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ իրականացման նպատակով սահմանվում են նոր կարգավորումներ, արգելվում է սպառողի նկատմամբ ցանկացած մոլորեցնող գործողություն, օրինակ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում կեղծ քանակի դիտումներ կամ կեղծ վարկանիշ ներկայացնելը:  

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարի խոսքով՝ փաթեթը մշակվել է Սպառողների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով: Սպառողների իրավունքների պաշտպանության  ողջ օրենսդրությունը համապատասխանեցվում է Եվրամիության օրենսդրությանը:

«Նոր կարգավորումներով սպառողը հնարավորություն կունենա տեսնել վաճառքի ներկայացված բոլոր ապրանքների միավորի, այսինք՝ մեկ կիլոգրամի, 1 լիտրի կամ մեկ քառ. մետրի գինը: Օրինակ՝ եթե ապրանքը վաճառվում է մեծ ծավալով կամ փաթեթով, ապա սպառողը հնարավորություն է ունենում հասկանալ, թե ավելի շահավետ է ձեռք բերել այդ մեծ փաթե՞թը, թե՞ նույն ապրանքն ավելի փոքր ծավալով»,–ասաց Պապոյանը: 

Արգելվում է տեղեկատվության տրամադրման մասով սպառողի նկատմամբ ցանկացած մոլորեցնող գործողություն, օրինակ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում կեղծ քանակի դիտումներ կամ կեղծ վարկանիշ ներկայացնելը:  

«Սահմանվել է ապրանքի ընտրության շրջանակում սպառողի նկատմամբ ցանկացած բնույթի ճնշման կամ ագրեսիվ վարքագծի արգելք, օրինակ՝ սպառողի տուն անհատական այցելություններ կատարելն առանց սպառողի համաձայնության կամ հեռախոսով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի ձեռքբերմանն ուղղված շարունակական և անցանկալի առաջարկներ անելը կամ գովազդում երեխային ուղղված կոչեր անելը և այլն»,–ասաց նախարարը: 

Փաթեթով առաջարկվում է նաև գործող Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերանվանել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով: Հանձնաժողովը դառնում է սպառողների շահերի պաշտպանությունն իրականացնող կենտրոնական մարմին՝ իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոց կիրառելու իրավասությամբ:  

Փաթեթով նախատեսված են այլ կարգավորումներ ևս:

Այն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: 

 

  • Կիսվել: