երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանի ԲԿ-ների հիվանդասենյակներում ու միջամտությունների սենյակներում կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը

Հայաստանի ԲԿ-ների հիվանդասենյակներում ու միջամտությունների սենյակներում կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արգելել Հայաստանում բժշկական կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը:

Oրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Լուսինե Բադալյանը:

«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է: Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինի մինչև տեսահսկման տարածք մտնելը»,-ասաց Բադալյանը:

Եթե հայտնաբերվում է խախտում, ապա տեսանյութերը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պահվում են մինչև խախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Բուժառուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը պահպանվում են առնվազն 1 ամիս, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

  • Կիսվել: