Նոր ատոմակայանը կարող է 80 տարով երաշխավորել մաքուր, կանաչ էլեկտրոէներգիայի արտադրությունը և երկրի էներգետիկ անվտանգությունը․ Նիկոլայ Սպասսկի
«Առավոտ»-ի զրուցակիցն է Նիկոլայ Սպասսկին, ով հանդիսանում է ատոմային էներգետիկայի արտադրության ոլորտում ռուսական խոշորագույն պետական ընկերության՝ «Ռոսատոմ»-ի փոխտնօրենը։
Պարոն Սպասսկի, շնորհակալություն հարցազրույցին համաձայնվելու համար։ Օրերս կայացավ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի և «Ռոսատոմ» ընկերության տնօրեն Ա․ Լիխաչևի հերթական հանդիպումը։ Ի՞նչով էր պայմանավորված այդ հանդիպման անհրաժեշտությունը և ի՞նչպիսի հարցերի շրջանակ քննարկվեց։
Հայաստանը ռուսական ատոմային ոլորտի համար հանդիսանում է վաղուցվա և շատ մոտ ռազմավարական գործընկեր։ Դեռ 1970 թվականին, երբ գործում էր Սովետական Միության ատոմային էներգոարտադրության միասնական համակարգը, Մեծամոր քաղաքում գործարկվեց Հայկական ատոմակայանը։ Այդ պահից սկսած՝ ատոմային ոլորտի ռուս մասնագետները իրենց հայ գործընկերների հետ միասին, ներգրավված են Հայկական ատոմակայանի գործարկման մեջ։ Մեր ընկերությունները վառելիք են մատակարարում Հայկական ատոմակայանին։ Բացի այդ, մշակման փուլում են գտնվում մի շարք հեռանկարային նախագծեր՝ խաղաղ ատոմի և հարակից բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Մեր համագործակցության ծավալային լինելը՝ արդարացնում է գոյություն ունեցող այն պրակտիկան, որի արդյունքում ռուսաստանյան ատոմային արտադրության ոլորտի ղեկավարը, ամենամյա զեկույց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարին։ Այո, այս տարվա մայիսի 2-ին կայացավ հերթական նմանօրինակ երկխոսությունը, որի ժամանակ քննարկվեց մեր ընթացիկ և հեռանկարային համագործակցության ամբողջ օրակարգը։ Մենք ստացանք հստակ ուղենիշներ՝ հետագա աշխատանքի համար։ Մեզ համար դա շատ կարևոր է։
Հայկական գործող ատոմակայանի արդիականացման աշխատանքները հասցվեցին ավարտին: Արդյունքում շահագործումը երկարաձգվեց մինչև 2026 թվական։ Կարելի՞ է արդյոք, վստահաբար հայտարարել, որ նորացված էներգաբլոկը ունի անվտանգության բարձր մակարդակ՝ ամենից առաջ սեյսմակայունության տեսանկյունից և համապատասխանու՞մ է արդյոք այն ժամանակակից տեխնոլոգիական ստանդարտներին։
Շնորհակալություն հարցի համար։ Այն, իրավմամբ կարևոր նշանակություն ունի և ես կտամ երկու պատասխան։ Կարճ պատասխանն է՝ այո, իհարկե համապատասխանում է բացարձակորեն, իսկ ավելի հանգամանալից, պետք է նշել, որ Հայաստանը ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատում է 70-ական թվականներից սկսած, իսկ դա 50 տարուց ավելի է։ Դուք ունեք շատ մեծ փորձ, հրաշալի իրավասություններ, բարձրակարգ մասնագետներ՝ գիտնականներ, տեխնիկներ, էներգետիկներ։ Այն, ինչ արեցին ձեր ատոմային ոլորտի մասնագետները՝ վերագործակցեցելով էներգաբլոկը վեց ու կես տարի սառեցումից հետո, անկեղծ ասած, չունի նախատիպեր։ Դա խոսում է այն մասին, որ աշխատանքը, որը մենք իրականացրել ենք մեր հայ գործընկերների հետ, եղել է ճիշտ ու ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող։ Ի՞նչ է ներկայացնում իրենից Հայկական ատոմակայանը։ Դա ВВЭР-440, այսպես կոչված՝ նախագիծ 270-ն է։ Այդ էներգաբլոկը յուրահատուկ է։ Եթե հետ նայենք սովետական ժամանակահատված, և ոչ միայն Սովետական Միության մասշտաբներով, առանց չափազանցության կարող ենք ասել, որ այն աշխարհի ամենահաջողված ատոմակայաններից է։ Ինժեներական տեխնիկան արվեստ է։ Գոյություն ունի որոշակի չափանիշ, որը պետք է անպատճառ հաշվարկել, այլապես բլոկը չի կարող հանձնվել շահագործման։ Սակայն, լինում է նաև այնպես, որ ատոմակայանի նախագիծը, բացի այդ չափանիշներին համապատասխան լինելուց, նաև հաջողվում է բոլոր տեսանկյուններից։ Հայկական ատոմակայանը հենց այդպիսի հաջողվածներից է։ Այն հաշվարկված է դիմանալու 9,5 մագնիտուդով երկրաշարժի ուժգնությանը։
Ահա թե ինչու Սպիտակի սարսափելի երկրաշարժը, որը 7 բալանոց էր ու այդքան մոտ ատոմակայանին, ոչ մի կերպ չազդեց նրա վրա։ Հայաստանի կառավարությունը 2014 թվականին մեզ դիմեց այդ էներգաբլոկը արդիականացնելու և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։ Մենք արդիականացման աշխատանքներին ձեռնամուխ եղանք անմիջապես և 2022-ին ավարտին հասցրեցինք դրանք։ Կարևոր է նշել, որ մենք աշխատանքները իրականցրել ենք առանց կանգնեցնելու ատոմակայանի գործարկումը։ Այդ ընթացքում մենք՝ ռուսաստանյան պրոֆիլային ընկերությունների և ինստիտուտների ներգրավմամբ, կատարել ենք մանրակրկիտ հաշվարկներ։ Արդյունքում՝ կայարանում հսկայական քանակությամբ սարքավորումներ են փոխարինվել, թարմացվել։ Կարող եք գնալ կայարան և նկատել, որ նույնիսկ ինժեներական արվեստի տեսանկյունից այն գեղեցիկ է, մաքուր, ամեն ինչ փայլում է: Ես վերջին անգամ կայարան եմ այցելել անցյալ տարվա դեկտեմբերին, և այն ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Արդիականացվել են բլոկի հովացման վթարային համակարգը, մեքենայաշինական սրահը, տուրբինները, կառավարման ավտոմատացված համակարգերը։ Կատարվել է ռեակտորի կորպուսի ջերմամշակում ՝ վերականգնողական թրծում, կատարվել են մեծ ծավալի ընդհանուր վերանորոգողական աշխատանքներ: Բարձրացվել է էներգաբլոկի հզորությունը։ Մինչ այդ այն աշխատել է 380-390 ՄՎտ հզորությամբ, այժմ՝ արդիականացման արդյունքում արտադրում է 440 Մվտ հզորություն ։
Ստացվում է, որ մենք ավելացրել ենք կայանի ընդհանուր հզորությունը ավելի քան 10% – ով ՝ 50 ՄՎտ։ Սա լուրջ թիվ է։ Կարևոր է ընդգծել, որ այս ամենը մենք արել ենք հայ գործընկերների հետ միասին ՝ Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի խստագույն վերահսկողության ներքո, որն էլ ի վերջո ընդունել է մեր կատարված աշխատանքը։
Ենթադրվում է, որ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկին կերկարաձգվի ևս 13 տարով՝ մինչև 2036 թվականը ։ Հետագա նախատեսվող մշակումները վերաբերում են անվտանգությա՞ն համակարգի կատարելագործմանը, թե՞ ներդրվելու են այլ տեխնոլոգիական և հայեցակարգային լուծումներ:
Ամբողջ աշխարհում նման կայանները ունեն 60 տարվա ծառայության ժամկետ: Ռուսաստանում կա նման նախատիպ՝ Կոլայի ԱԷԿ-ն (Եվրոպայում ամենահյուսիսային ԱԷԿ-ը, որը կառուցվել է Արկտիկայի ծանր կլիմայական պայմաններում, Մուրմանսկում։ Առաջին բլոկի թողարկումը տեղի է ունեցել 1973 թվականի): Այնտեղ գործում է 4 բլոկ և դրանցից երկուսում (առաջին և երկրորդ) արդեն իրականացվել է շահագործման ժամկետը մինչև 60 տարի երկարաձգելու ծրագիրը։ Դա համարվում է բազային երկարացում։ Քանի որ ատոմային էներգետիկայի ոլորտում ընդունված են խիստ պահանջներ, որպես կանոն, «Ռոսատոմը» իրականացնում է երկփուլ երկարաձգում։ Երկրորդ փուլը կարող եք համարել լրացուցիչ ստուգում։ Երկրորդ փուլում Հայկական ԱԷԿ-ում նախատեսվող աշխատանքների ծավալը զգալիորեն ավելի քիչ կլինի։ Մենք ևս մեկ անգամ կկատարենք հաշվարկներ, մասամբ կփոխարինենք որոշակի բաղադրիչներ: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են ։
Անցյալ տարի Հայկական ատոմակայանը, մեր մասնակցությամբ, մշակեց թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հայեցակարգը, այդ փաստաթուղթը համաձայնեցրեց երկրի ատոմային վերահսկողության Կոմիտեի հետ և ներկայացրեց ՀՀ կառավարություն: Շաբաթներ առաջ Հայաստանի կառավարությունը հրապարակեց որոշում ՝ պաշտոնապես մեկնարկ տալով վերերկարացման գործընթացին։ Ըստ այդ որոշման՝ մենք հայ գործընկերների հետ միասին պատրաստում ենք նախատեսվող աշխատանքների ծրագիր։ Հայեցակարգը ընդհանուր փաստաթուղթ է, ծրագիրը ՝ կոնկրետ միջոցառումներ։ Ակնկալում ենք, այս ծրագրի շրջանակներում կնքել պայմանագիր, որպեսզի մինչև տարեվերջ սկսենք աշխատանքները։
Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի երկարաձգման կրկնակի փուլը ավարտին հասցնելու համար և որքա՞ն կարժենա այն ֆինանսական առումով:
Ժամանակի առումով, միանշանակ է՝ աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականը։ Ինչ վերաբերում է կրկնակի երկարաձգման գնին, այստեղ գաղտնիքներ չկան։ Այն փոքր է, զգալիորեն պակաս է, քան գինը առաջին փուլում։ Բայց կա երկաթե կանոն, որին մենք հավատարիմ ենք ՝ նման նախագծերի արժեքը կարող է հրապարակել միայն պատվիրատուն։ Իսկ ինչ վերաբերում է նոր նախատեսվող էներգաբլոկներին, վստահ եմ, որ դրա ֆինանսական կողմին վերաբերող հարցը ևս կհնչի մեր հարցազրույցի շրջանակներում, նախապես ասեմ, որ դա կոնֆիդենցիալ տեղեկատվություն է: Կրկնում եմ ՝ գաղտնիքներ չկան, սակայն, եթե ես այդ տեղեկությունը բարձրաձայնեմ, այն պաշտոնական կարգավիճակ կստանա, իսկ դա սխալ մոտեցում է։
Հայաստանի կառավարությունը նոր ատոմակայան կառուցելու որոշում է ընդունել ։ Նախագիծը լայնածավալ է ։ Ինչպիսի՞ն է «Ռոսատոմի» ներգրավվածությունն այս նախագծում:
Դատելով պաշտոնական հայտարարություններից ՝ Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կամ էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ սկզբունքային քաղաքական որոշումը կայացվել է։ Այժմ, համաձայն ՀՀ կառավարության ընթացակարգերի, այդ որոշումը պետք է պաշտոնականացվի։ «Ռոսատոմը», իհարկե, ներգրավված է այդ գործընթացում։ Բայց քանի դեռ այն ֆորմալացված չէ, մենք հայ գործընկերների՝ առաջին հերթին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին, նախապատրաստական աշխատանքներ ենք տանում։ Որպես բարեկամ, մենք աջակցում ենք ձեր երկրում նոր ատոմակայան կառուցելու որոշմանը, մենք դրական ենք գնահատում այն։
Իսկ ի՞նչ է սպասվում հին ԱԷԿ-ին՝ նոր էներգաբլոկի կառուցվելուց հետո։
Հենց 2036 թվականին կառուցվի նոր կայանը, մենք կմշակենք գործող էներգաբլոկը շահագործումից հանելու միջոցառումները։ Արդյունքում, այն վայրում, որտեղ այժմ կանգնած են Հայկական ԱԷԿ-ի մասնաշենքերը կանաչ խոտածածկ կլինի ։ Ինչ վերաբերում է նոր նախագծին, պետք է նշեմ, որ մենք մեզ մոտ նման էներգաբլոկներ կառուցել ենք և նախատեսում ենք շարունակել կառուցումը։ Այժմ ատոմային էներգիայի արտադրության մասնաբաժինը Ռուսաստանի Դաշնության էներգետիկ հաշվեկշռում կազմում է 20%: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի որոշման համաձայն, մինչև 2040 թվականը այն կլինի 25%: Մենք համոզված ենք, որ առանց ատոմային էներգիայի «կանաչ օրակարգն» անիրականանալի է, որովհետև միայն քամու ու արևի հաշվին դա իրատեսական չէ ։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ «Ռոսատոմը» լրջորեն զբաղվում է քամու էներգիայի արտադրությամբ։ Մենք Ռուսաստանում քամու կայանների ամենամեծ օպերատորն ենք հանդիսանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում