հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիդեռլանդների դեսպանն այցելել է Ջրային կոմիտե

Նիդեռլանդների դեսպանն այցելել է Ջրային կոմիտե

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Քննարկվել են ջրային ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության քաղաքականության հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը և Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանն ու Կարեն Դաղբաշյանը, ինչպես նաև Արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը։

Հանդիպման ընթացքում Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ Ջրային կոմիտեն միշտ պատրաստ է ինչպես առկա համագործակցության խորացման, այնպես էլ նոր առաջարկների քննարկման համար:

Ի պատասխան դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ դեսպանությունն իր առջև ունի դրված մի շարք խնդիրներ, տարբեր ոլորտներում ակտիվացնելու հայ-նիդեռլանդական համագործակցությունը, իսկ իր այցի հիմանական նպատակը Ջրային կոմիտեի բնագավառում հնարավոր ուղղությունների նախանշումն է:

Կողմերը հանդիպումը երկուստեք արդյունավետ են գնահատել և վստահություն հայտնել, որ փոխադարձ պատրաստակամության և հանձնառության շնորհիվ գործակցության նախանշված ուղղությունները հաջողությամբ կիրագործվեն:

  • Կիսվել: