երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ներքին տնտեսությունից հավաքագրված հարկերն աճել են, ներմուծումից՝ նվազել. ՊԵԿ նախագահը նշեց պատճառները

Ներքին տնտեսությունից հավաքագրված հարկերն աճել են, ներմուծումից՝ նվազել. ՊԵԿ նախագահը նշեց պատճառները

Հայաստանում 2024 թվականին ներքին տնտեսությունից հարկահավաքման 14 տոկոս աճ  է գրանցվել, ներմուծումից՝ նվազում: 

Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: 

2024 թվականին  2 տրլն 390 մլրդ հարկային եկամուտներ են հավաքագրվել, որը 5.1 տոկոսով կամ 117 միլիարդ դրամով ավելի է, քան 2023 թվականին հավաքագրվածը: 

«Ներքին տնտեսությունից հարկահավաքման 14 տոկոսանոց աճ ունենք, իսկ ներմուծումից՝ անկում: Անկման առյուծի բաժինը պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման նվազումներով»,–ասաց Հակոբյանը՝ սա համարելով օբյեկտիվ երևույթ: 

Նա հիշեցրեց՝ 2022 թվականից սկսած Հայաստանում ավտոմեքենաների վերաարտահանման մեծ տեմպերի մասին: Դրանք 2024–ին կտրուկ նվազել են: ՊԵԿ նախագահը դա համարեց հիմնական պատճառը, որ ներմուծման հարկերից նվազում է արձանագրվել: 

Ծխախոտի ներմուծումների գծով ևս նվազում կա: «Սա պայմանավորված է նրանով, որ ծխախոտ ներմուծողները, երբ պահանջ դրվեց, որ պետք է նկարներ փակցնեն, պահեստավորում և պաշարում արեցին»,–հավելեց նա:

 

  • Կիսվել: