հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզը ևս կունենա համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր

Գեղարքունիքի մարզը ևս կունենա համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր

Գեղարքունիքի մարզը ևս կունենա համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր: Օրերս Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է հանրային չորրորդ լսումը՝ ներկայացնելու ՀՀ կառավարության ծրագրի համաձայն փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնք համակարգում է Քաղաքաշինության կոմիտեն, և ամբողջացնելու համայնքների ու մասնագիտական խմբերի առաջարկները:

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզի համայնքների ղեկավարները, աշխատանքներում ընդգրկված փորձագետները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը տեղեկացրել է, որ ծրագրային փաստաթղթերը ներառելու են տարածական պլանավորման երեք մակարդակ՝ մարզ, համայնք և բնակավայր՝ համապատասխանաբար ներառելով տարածքային հատակագծման նախագիծ, գլխավոր հատակագիծ և գոտևորման նախագիծ. «Նպատակն է իրականացնել քաղաքաշինական այնպիսի քաղաքականություն, որը հիմնված կլինի մարզի իրական կարիքների և ռեսուրսային հնարավորությունների վրա, կհամապատասխանի տնտեսության զարգացման այսօրվա տեմպերին ու մարզի հավասարակշռված զարգացման նպատակներին»։

Նախորդ 3 լսումների ընթացքում հանգամանալից ներկայացվել են միկրոռեգիոնալ փաստաթղթերի մշակումը կարգավորող նորմատիվ-իրավական դաշտը, նախագծերի շրջանակում լուծվելիք հարցերը, փաստաթղթերի օգնությամբ հարմարավետ, անվտանգ, գեղագիտական և տնտեսական առումով գրավիչ կենսամիջավայրի ձևավորման հնարավորությունները:

Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները և փորձագետները պատասխանել են հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին և լսել նրանց առաջարկները: Հարցերի մի մասը վերաբերել է Սևան ազգային պարկին հարող հատվածներում սահմանային ճշգրտումներին: Կոմիտեի ներկայացուցիչները հորդորել են ներկաներին համայնքների կարիքների վերաբերյալ տեղեկացնել լիազոր մարմնին և շրջակա միջավայրի փորձաքննական կենտրոնին՝ առաջադրված խնդիրները նախագծի շրջանակում լուծելու նպատակով։

Նախագիծը սահմանված կարգով հաստատվելուց հետո կտրամադրվի համայնքներին ու շահագրգիռ մարմիններին և համայնքների համար կծառայի որպես քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող հիմնական ծրագրային փաստաթուղթ-ուղեցույց:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել և հաստատվել են հանրապետության 6 մարզերի բոլոր համայնքների համար մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի միկրոռեգիոնալ փաստաթղթերը գտնվում են հաստատման փուլում, իսկ ընթացիկ տարում մեկնարկել են Կոտայքի և Լոռու մարզի միկրոռեգիոնալ համակցված փաստաթղթերի մշակման աշխատանքները։

  • Կիսվել: