հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ներդրումների խթանման համար կներդրվի աննախադեպ մի մեխանիզմ. Փաշինյան

Ներդրումների խթանման համար կներդրվի աննախադեպ մի մեխանիզմ. Փաշինյան

Կառավարության առաջիկա նիստում որոշում կկայացվի և կներդվի աննախադեպ մի մեխանիզմ, որը Հայաստանում նախկինում գոյություն չի ունեցել։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախկինում նշվում էր, որ հակաճգնաժամային աջակցությունից մի զգալի գումար՝ 80 մլրդ դրամ պիտի ուղղվի ընկերությունների հետճգնաժամային, հեռանկարային զարգացմանը, ե՞րբ են դրա համար մշակվելու ընտրության չափանիշներ և երբվանի՞ց են այդ ծրագրի բաղադրիչները սկսելու գործել։

Նրա խոսքով, այդ ծրագիրը ուղղված է ներդրումների խթանմանը։   

«Ծրագիրը մշակվել է կառավարությունում։ Դուք տեղյակ եք, որ ճգնաժամի մեկնարկից ի վեր մենք ամենօրյա ռեժիմով հավաքվում ենք և տնտեսական զանազան ծրագրեր քննարկում։ Արդեն քաղաքական որոշումը կայացված է և, եթե անհաղթահարելի ընթացակարգային խնդիր չառաջանա՝ կառավարության առաջիկա նիստում կընդունվի, եթե ինչ-որ խնդիր ծագի՝ մաքսիմում հաջորդ նիստում կընդունվի»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով,  ևս մեկ կամ երկու այդպիսի մեխանիզմների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։

«Չեմ բացառում, որ առաջիկայում այլ մեխանիզմներ նույնպես կգործարկվեն։ Այս փուլում մենք մոտավորապես մինչև 50 մլրդ դրամի կառավարման որոշակի մոդել կառաջարկենք՝ մեր տնտեսությանը, տնտեսվարողներին։ Իհարկե, նաև որոշակի հստակ չափանիշներ կձևավորվեն և կձևակերպվեն, որպեսզի ծրագիրը մաքսիմալ արդյունավետ լինի»,- ընդգծեց նա։   

 

  • Կիսվել: