Նարեկ Մկրտչյանը Սերբիայի պետնախարար Տատյանա Մացուրայի հետ քննարկել է գենդերային հավասարության խնդիրները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Սերբիայի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա Մացուրայի հետ։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են գենդերային հավասարության ապահովմանը միտված քաղաքականություններին, կանանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև սոցիալական արդարության և ներառականության խթանմանը։ Զրույցի ընթացքում քննարկվել են կանանց հզորացմանը, նրանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը և այդ ուղղությամբ միջազգային փորձի փոխանակման կարևորությանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ Հայաստանում նախորդ տարվա ընթացքում ընդունված ոլորտային երկու կարևորագույն փաստաթղթերի՝ ՀՀ ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարությունների, դրանց սահմանած նպատակների և առաջնահերությունների մասին։ Նախարարը խոսել է նաև կանանց զորեղացման, վերջիններիս ինքնազբաղվածության ապահովման անհրաժեշտության մասին՝ մանրամասնելով այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերը և միջոցառումները։
Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող․ նախարար Մացուրան ներկայացրել է Սերբիայի կառավարության կողմից կիրառվող պլատֆորմները և գործիքները։
Երկու նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ Հայաստանի և Սերբիայի միջև փորձի փոխանակման ձևաչափերի, հատկապես կանանց տնտեսական ներուժի բարձրացման ուղղությամբ։