շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախատեսվում է նվազեցնել կառուցապատման ոլորտում առկա խոչնդոտները և բարելավել գործարար միջավայրը

Նախատեսվում է նվազեցնել կառուցապատման ոլորտում առկա խոչնդոտները և բարելավել գործարար միջավայրը

Գործադիրը հավանություն է տվել  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի նպատակներից են կառուցապատման ոլորտում առկա խոչնդոտների նվազեցումը և գործարար միջավայրի բարելավումը։ Արդյունքում՝ կպարզեցվի և կհստակեցվի  կառուցապատման գործընթացը, կապահովվի սեփականատերերի  իրավունքների համապարփակ կիրառման հնարավորությունը:

Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար։ Վերը նշվածից պարզ է դառնում, որ ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որևէ շինություն։ Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությունը նախատեսում է, որ հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ, որը ըստ էության նախատեսված երկրորդ սահմանափակումն է։

Վերլուծելով նշված սահմանափակումները և դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա պարզ է դառնում, որ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունենում գործնականում կառուցապատման բնագավառի զարգացման վրա։ Նշվածը պայմանավորված է նրանով, որ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել, այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որևէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը, ծախսելով դրա վրա իրենց թե ֆինանսական և թե ժամանակային ռեսուրսները։ Երկրորդ սահմանափակման վերացումը նույնպես պայմանավորված է կառուցապատողին, իրեն իսկ սեփականության իրավունքով պատկանող, հողամասն ընդլայնելու մեկից ավելի հնարավորության տրամադրման անհրաժեշտությամբ։ Քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ կառուցապատողը զրկված է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենում գործարար միջավայրի վրա։

 
 
facebook sharing button

  • Կիսվել: