երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նախագիծը մշակվել է Կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու եւ իրականացնելու լիազորող նորմ սահմանելու նպատակով. Վահան Քերոբյան

Նախագիծը մշակվել է Կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու եւ իրականացնելու լիազորող նորմ սահմանելու նպատակով. Վահան Քերոբյան

««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է Կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու եւ իրականացնելու լիազորող նորմ սահմանելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում:

«Նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն` Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել` ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»,- պարզաբանել է Էկոնոմիկայի նախարարը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խնդրանքով Վահան Քերոբյանը նշել է այն կոնկրետ ուղղությունները, մասնավորապես, ռազմարդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ հասանելի չեն Կառավարության օժանդակությունը կամ ներդրումային ծրագրերը: Դրանցից են` ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավում` ներառյալ փոքր եւ միջին արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության խրախուսում եւ աջակցություն, հարկային վարչարարության իրականացման ընթացակարգերի կրճատում, արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի պարզեցում, մարզերի մասնագիտացման եւ ներհանրապետական կոոպերացիաների խթանում, արտաքին շուկաների մատչելիության ապահովում եւ այլն:

Ըստ Վահան Քերոբյանի` ներկայում Էկոնոմիկայի եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից դիտարկվում եւ մշակվում են ծրագրեր, որոնք ուղղված են ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից ֆինանսական միջոցների հասանելիության դյուրացմանը:
 

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: