շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախագիծ՝ ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Նախագիծ՝ ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:
 
Ներկայացվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը բխում է հանրակրթության բարեփոխումների շրջանակում ուսուցչին ներկայացվող՝ մասնագիտական շարունակական կրթություն ստանալու պահանջից:
 
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունը յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` նրա մասնագիտական չափանիշներով սահմանված զարգացման պահանջներին համապատասխան:
 
Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական կարիքի հիման վրա վերապատրաստում իրականացնելու մասին կարգավորումները:
 
Ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած  կազմակերպությունների կողմից, որոնք իրենց ծրագրերը և մոդուլները կազմում են սահմանված չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Բոլոր հաստատությունների ուսուցիչները՝ անկախ ունեցած հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ատեստավորված:
 
Վերապատրաստումների արդյունավետության բարձրացման նպատակով  նախագծով առաջարկվում է ուսուցչի վերապատրաստումներն իրականացնել առավելագույնը երեք մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքի հիման վրա՝ սկսած առարկայական գիտելիքի իմացությունից: Վերապատրաստման հնգամյա ժամկետի սահմանափակումը, որն առկա էր նախորդ կարգում, չի գործելու: Սա նշանակում է, որ եթե ուսումնական տվյալ տարում որևէ կարիքի ուղղությամբ ուսուցիչը վերապատրաստվել է, բայց  հաջորդ ուստարում այլ կարիք է արձանագրվել, նա կարող է նորից վերապատրաստվել:  
 
Վերապատրաստման իրականացումը
 
Յուրաքանչյուր տարի սեպտեմբերին մեկնարկում է ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացը, որը պարունակում է երեք բաղադրիչ.
 
մասնագիտական զարգացման կարիքի ինքնագնահատում ուսուցչի կողմից,
 
մասնագիտական զարգացման կարիքի գնահատում ուսումնական հաստատության ներսում՝ մեթոդմիավորման և  մանկավարժական խորհրդի կողմից,
 
ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի արտաքին գնահատում և առկա տվյալներ (օրինակ՝ կամավոր ատեստավորման արդյունք):
 
Առաջարկվող նախագծով կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի իմացության զարգացման կարիքի գնահատման ձև է. այս դրույթն ուժի մեջ է մտնելու 2023 թ. սեպտեմբերի 1-ից:
 
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի՝ ուսուցչի նախաձեռնությամբ կամ կրթական քաղաքականության փոփոխության և լրացման արդյունքում:
 
Առաջարկվող նոր փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմներն ու վերապատրաստումների բովանդակությանը ներկայացվող պահանջները:
 
Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնելու է մասնագիտական բուհը, մնացած դեպքերում՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը՝ նախարարության սահմանած ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան:
 
Շահագրգիռ կառույցները և մանկավարժները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 10-ը:

  • Կիսվել: