շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը «շատ լավ գործարք» անվանեց իր քաղաքապետ եղած ժամանակ Երևանի կենտրոնում գտնվող SIL PLAZA-ի շենքի $5 000 սեփականաշնորհումը Սուքիասյաններին

Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը «շատ լավ գործարք» անվանեց իր քաղաքապետ եղած ժամանակ Երևանի կենտրոնում գտնվող SIL PLAZA-ի շենքի $5 000 սեփականաշնորհումը Սուքիասյաններին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, իսկ այժմ արդեն ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը այսօր լրագրողների հետ զրույցում «շատ լավ գործարք» որակեց իր քաղաքապետ եղած ժամանակ` 1995 թվականին Երևանի սրտում` Արամի 3 հասցեում գտնվող պատմական արժեք ներկայացնող շենքի (ներկայումս SIL PLAZA) սեփականաշնորհումը Սուքիասյան ընտանիքին ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով:

Անդրադառնալով այդ գործարքին նախարարն ասաց, որ նա ուզում էր ինչ որ կերպ պահպանել այդ շենքը, այդ իսկ պատճառով քաղաքապետ եղած ժամանակ տարբեր մարդկանց առաջարկել է գնել այն, սակայն արձագանքել են միայն Սուքիասյաննները:

«1993-1995 թվականներին Երևանում ներդրում անողների թիվը անսահման փոքր էր: Ես այսօր էլ կողմ եմ, որ նման շենքերը շատ էժան գներով սեփականաշնորհվեն ներդրողներին»,-ասաց նա՝ նշելով, թե գործարքի մասին հետագայում մանրամասներ կհայտնի։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սուքիասյանների ընտանիքին պատկանող բանկի խորհրդի անդամի լիազորությունները ե՞րբ են դադարեցվել, ինչին ի պատասխան՝ Խաչատուրյանը նշեց՝ հենց այն օրը, երբ զբաղեցրել է նախարարի պաշտոնը։

Նշենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։ Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։

Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։ Մինչ վերակառուցումը Արամի 3 հասցեի շինությունը համարվել է պատմության և մշակույթի հուշարձան։ Այդ մասին նշում կա 1995 թվականի պայմանագրում, սակայն վերակառուցումից հետո անհայտ հանգամանքներում շենքը դուրս է մնացել հուշարձանների ցանկից։

Կառավարության 2004 թ.-ի որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Արամի 3 հասցեն ներառված չէ այդ ցանկում։ Նշենք, որ այդ շենքը կառուցվել է 1870-1880 թվականներին Սոֆի Մելիք-Օհանջանյանի կողմից: Այնտեղ եղել են Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը և խանութները։ Խորհրդային տարիներին այդտեղ գործել է գրախանութ։

  • Կիսվել: