չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող 3 սուբյեկտի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող 3 սուբյեկտի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի խոսքով՝ այս տարի հանձնաժողովը բացահայտել է հակամրցակցային համաձայնության 2 դեպք՝ նախորդ տարվա 1-ի դիմաց: Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր այս տարի չեն հայտնաբերվել, սակայն առկա են ընթացիկ վարույթներ, եւ ակնկալվում է, որ այս մասով կլինի պատասխանատվության միջոց: Նախորդ տարի եղել է նման 1 դեպք:

«Համակենտրոնացման հայտարարագրման 40 գնահատման վարույթ ունենք, 40 դեպքով տրվել է թույլտվություն: Չհայտարարագրված համակենտրոնացման մասով 11 տնտեսվարող սուբյեկտի ենթարկել ենք պատասխանատվության: Անբարեխիղճ մրցակցության մասով արձանագրվել է 56 իրավախախտում, նախորդ տարի՝ 65»,-մասնավորապես, ասել է նա:

Հայկ Կարապետյանը նշել է, որ նախորդ տարի տուգանքների չափը կազմել է 64 մլն դրամ, այս տարի՝ ավելի քան 600 մլն դրամ: Նա հավելել է, որ անբարեխիղճ մրցակցության համար օրերս հանձնաժողովը տուգանել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող 3 սուբյեկտների: Տուգանքի չափը կազմել է 433 մլն դրամ, ինչն աննախադեպ է հանձնաժողովի գործունեության ընթացքում: Տուգանված մյուս տնտեսվարողները զբաղվել են ասֆալտապատմամբ եւ գնումների գործընթացով:

Այս տվյալները հնչեցվել են ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Գալիք տարում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործունեությունը կիրականացնի՝ ստանալով 594 մլն 829 հազար դրամ: Գումարի 84,5 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերին եւ դրան հավասարեցված վճարների հոդվածներին:

2023 թ. հանձնաժողովը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, այն է՝ մրցակցային օրենքի խախտումների բացահայտումը, ապրանքային շուկաների ուսումնասիրությունը, ինչպես նաեւ համակենտրոնացումների եւ պետական օժանդակությունների թույլտվությունների գնահատման վարույթները:

  • Կիսվել: