շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Միջմարզային տրանսպորտի հետ կապված որոշ մարզերում ունենք հաջողություն, որոշներում՝ անհաջողություն. Գնել Սանոսյան

Միջմարզային տրանսպորտի հետ կապված որոշ մարզերում ունենք հաջողություն, որոշներում՝ անհաջողություն. Գնել Սանոսյան

Այսօր Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ միջմարզային տրանսպորտի հետ կապված հարցերին:

Ըստ նրա՝ նախորդ տարի Կառավարությունը նախաձեռնել է լուծել ոլորտի խնդիրները, որոշ մարզերում ունեցել են հաջողություն, որոշներում՝ ոչ:

«Անհաջողությունը կապված է մրցույթներին ընկերությունների մասնակցության հետ։ Մեր շատ նախաձեռնություններ հետո կարող են կյանքի չկոչվել շինարարական ընկերությունների կամ այլոց կարողությունների կամ չմասնակցելու պատճառով: Շիրակի մարզում մասնակից չունեցանք, Գեղարքունիքում խնդիր եղավ, հիմա նորը պետք է հայտարարենք, Արարատում հաղթող եղավ, որը ֆինանսական խնդիրների ունի և չի կարող ավտոբուսները բերել, Արմավիրում կար հաղթող, դատական պրոցես կա։ Մեր լավ օրինակները Կոտայքն ու Վաղարշապատն են»,- մանրամասնեց նախարարը:

Նրա խոսքով՝ Կոտայքում ու Վաղարշապատում 228 նոր ավտոբուսներ և միկրոավտոբուսներ են ներկրվել, դրանց մոտավոր արժեքը 5 միլիարդ դրամ է. «Կարծում ենք՝ այս ուղղությունը ճիշտ է, որ բոլոր մարզերում կիրառենք»:

  • Կիսվել: