հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մի շարք ապրանքների մասով  ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի  1 տարով

Մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի 1 տարով

Գործադիրը հավանություն է տվել 2019 թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ, 2014 թ. մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին:

Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրել է՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պայմանագրով սահմանված 2020 թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Ինչպես նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը միջինում 3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: Այդ ապրանքներն են՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ և այլն:

  • Կիսվել: