հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանը ստացել է Միլլերից իր նամակի պատասխանը

Մհեր Գրիգորյանը ստացել է Միլլերից իր նամակի պատասխանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստացել է ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ա․ Միլլերի նամակի պատասխանը, այդ մասին քիչ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ինքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

«Նամակի պատասխանն ստացել եմ։ Փորձեմ բառացի ասել՝ ինչ է գրված եղել այնտեղ։ Նշվում էր, որ հարցը պարոն Միլլերը պահում է իր ուշադրության ներքո։ Բացի այդ, նշվել էր, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով», փոխանցց Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ դեռ մարտի վերջին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

«Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների՝ այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»,– գրել էր փոխվարչապետը:

Գրիգորյանը նշել էր նաև, որ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ:

  • Կիսվել: