Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ պետք է առաջինն ընտրեն հայկական արտադրանքը․ Սուքիասյան
Սպառողի շահերի պաշտպանության հետ կապված օրինակ՝ վերցնենք արտադրանքը, որը պայմանավորում են համապատասխան իրացնող կառույցի հետ և այլընտրանք չի լինում, այդ կարգի արատավոր երևույթը դեռ մինչև այսօր այս 30 տարվա մեջ շատ դեպքերում պահպանվում է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:
Պատգամավորն ընդգծեց, որ շատ կազմակերպություններ վաճառում են մի ապրանք, արտադրողի հետ պայմանավորված՝ երկրորդ-երրորդը չլինելով, այդ դեպքում սպառողը չի կարողանում ընտրություն կատարել:
«Սա շատ կարևոր հարց է, քննարկել ենք և՛ տնտեսական մրցակցության տեսանկյունից, և՛ սպառողների իրավունքների պաշտպանության: Մի դեպքում սահմանափակված է տնտեսվարող սուբյեկտի իրավունքը, մյուս կողմից սպառողի իրավունքը, ով ցանկանում է այլընտրանք տեսնել: Այստեղ երկու հիմնական իրավիճակ կա՝ եթե որևէ մեկը շուկայում գերիշխող դիրք ունի, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարտավոր է իր նախաձեռնությամբ սկսել վարույթը և գործընթացն իրականացնել, եթե չունի գերիշխող դիրք, ապա դիմումի հիման վրա դա պետք է արվի»,- արձագանքեց Պապոյանը:
Սուքիասյանը նաև նշեց, որ կարևոր է ընտրել հայկական արտադրանքը:
«Մենք պետք է դպրոցից սկսենք, որ մեր բնակչությունը, մեր քաղաքացիները գիտակցեն, որ պետք է առաջինն ընտրեն հայկականը: Հայկականի ամբողջ փաթեթավորումը պետք է ինչ-որ մի գունային գամայի մեջ լինի, որ մարդը միանգամից հասկանա, որ դա հայկական է: Մեր տեղական արտադրողները շատ դեպքերում այդ ուժը չեն ունենում այդ պայմանավորվածությունը ձեռք բերեն այս կամ այն իրացնողի հետ և միջազգային այլ հայտնի բրենդներ միգուցե մեր արտադրանքից էլ որակով չի, բայց քանի որ հայտնի են և կարողանում են մարքեթինգային շատ մեծ աշխատանք տանել, հայկականը մնում է երկրորդը: Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ լինի, բոլորն օրենքի սահմաններում գործեն»,- ասաց նա: