Մեր հայրենիքի բարեկեցությունը հնարավոր է միայն համախմբված, պատասխանատու և արարող աշխատանքի շնորհիվ. ԱԱՏՄ ղեկավար
ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
«Սիրելի աշխատակիցներ, գործընկերներ, հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը ոչ միայն աշխատանքային իրավունքների պաշտպանության, արդար ու արժանապատիվ աշխատանքի խորհրդանիշն է, այլև երախտիք յուրաքանչյուր մարդու անմնացորդ նվիրումի, պատասխանատվության և ստեղծարարության համար։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, իր շնորհավորանքներն է հղում երկրի աշխատավոր բոլոր քաղաքացիներին՝ անկախ մասնագիտությունից, զբաղվածության ոլորտից և գործունեության ծավալից։
Տեսչական մարմնի առաքելությունն է հետևողականորեն վերահսկել օրենքի պահանջների իրականացումը՝ միաժամանակ նպաստելով աշխատանքային մշակույթի բարելավմանը։
Մաղթում ենք ձեզ արժանապատիվ և անվտանգ աշխատանք, բարեկեցիկ ու կայուն պայմաններ, անձնական և մասնագիտական նոր ձեռքբերումներ։ Թող ձեր կատարած աշխատանքը գնահատվի արդարացիորեն, իսկ աշխատանքային իրավունքները՝ պաշտպանվեն անվերապահորեն։
Մեր հայրենիքի կառուցումն ու բարեկեցությունը հնարավոր են միայն համախմբված, պատասխանատու և արարող աշխատանքի շնորհիվ։
Շնորհակալություն ձեր ամենօրյա աշխատանքի, ներդրման ու վստահության համար։
Եղեք գնահատված, պաշտպանված, առողջ և անվտանգ։
Եվս մեկ անգամ՝ շնորհավոր տոնդ, հայ աշխատավոր: