Մեր առջև խնդիր է դրված ունենալ տեղական ավիափոխադրող. Պապիկյան
2019 թվականը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ մենք հնարավորություն ստացանք ապահովել եվրոպական մի քանի ավիաուղիների մուտքը Հայաստան և մատչելի ուղետոմսով ապահովել ՀՀ քաղաքացիների ելքը դեպի եվրոպական երկրներ: Այդ մասին այսօր խորհրդարանում 2019 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի արգելքին, որի համաձայն՝ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները չեն կարող թռիչքներ իրականացնել Եվրամիության տարածքում, քանի որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, այսինքն՝ հայտնվել են EASA-ի «սև ցուցակում», Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ խնդիրը մեկ օրում չեն առաջացել և ամենևին էլ 2019-ի արգասիքը չէ:
«Իհարկե, այդ մասով մտահոգություն կա, և եթե հնարավոր լիներ այնպես անել, որ դա տեղի չունեներ, կանեինք, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը և երկրում նախկինում արված ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաև մենք»,- ասաց նախարարը։
Սուրեն Պապիկյանի խոսքով, այժմ խնդիր են դրել առաջիկայում ամուր հիմքերի վրա դնել ավիացիայի ոլորտը, ունենալ տեղական ավիափոխադրող։
«Ես դրա ջատագովն եմ և առաջիկայում հետևողականորեն ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիա՝ մնալով բաց այլ ՀՀ ավիաընկերությունների համար: Խոսքն, իհարկե, իրական, ոչ թե արհեստական ավիափոխադրողների մասին է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը կարելի է լուծել երկու տարուց: